38. ՄԱԵՍՏՐՈՅԻ ՏԱԳՆԱՊԱԼԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵԾԱՐԳՈ ԲԱՐԵՐԱՐ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿ, ՊԱՐՈՆ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

«Ես խորապես հիացած եմ Ձեր հայրենանվեր և անշահախնդիր գործունեությամբ: Սակայն, մանրազնին ուսումնասիրելով վերջին տասնամյակում ձևավորված իրադրությունը, ուզում եմ Ձեզ հայտնել իմ տագնապահարույց նկատառումները կապված մեր ժողովրդի, մեր անկախության ու ազատության պաշտպանության հետ- խորապես վստահ Ձեր սթափ մտածողության և բարձր հայրենասիրության վրա: Առանց այլևայլության հայտնեմ նաև, որ ես վստահ եմ մեր բանակի վրա ևս և կարող եմ ամենայն հավաստիությամբ հայտարարել. «Սիրելի ժողովուրդ, քո խաղաղությունն ապահովված է, կարող ես առանց երկյուղի գիշերը քնել: Այսինքն, ինչո՞ւ միայն գիշերը, կարող ես առանց երկյուղի քնել նաև ցերեկը՝ գործ չկա, բան չկա, զարթնում ես, ի՞նչ անես… Ուրեմն, սիրելի ժողովուրդ, գիշեր-ցերեկ կարող ես քնել առանց երկյուղի, նախաճաշի և ճաշի…»: Ինչևէ, չշեղվենք բուն նյութից: Իսկ ասելիքս այն է, որ բանակը՝ բանակ, այնուհանդերձ մեր ժողովրդի խաղաղության, սահմանների անառիկության կարևոր գրավականներից են նաև մեր ճանապարհները, մաքսատներն ու համընդհանուր թշվառությունը: Սկսենք ճանապարհներից, ինչո՞ւ, որովհետև այդ առաջ էր, որ հավանական հակառակորդը վրա էր տալիս ձիով-բանով անտառից, սարից, ձորից, թալանում, ավերում ու հա՜յդա… ճանապարհ կար-չկար՝ նրա համար մի հաշիվ էր, ձիու համար ճանապարհս ո՞րն է… Իսկ հիմա՞: Ժամանակակից համակարգչային ու հաշվողական նուրբ ու բարդ տեխնիկայով հագեցած մեր հավանական հակառակորդի բանակն ամերիկյան ու եվրոպական ԲՄՎ ու Մերսեդես հիշեցնող իր բարձրարվեստ , քնքուշ ու  գեղեցիկ զրահամեքենաներով խստիվ նախատեսված է բարեկարգ ճանապարհներ ունեցող քաղաքակիրթ երկրներում մարտեր վարելու համար, և այն, որ նա երկար տարիներ է, ինչ հանգիստ է թողել մեզ և մեր երկիր ներխուժելու ոչ մի փորձ չի արել, վկայում է, որ նրան հայտնի է մեր այսպես կոչված «ճանապարհների» անմխիթար վիճակը և լիովին համոզված է, որ իր բանակի ամբողջ տեխնիկան ու զրահամեքենաները կլռվեն ու ջարդուփշուր կլինեն՝ սահմանն անցնելուց ընդամենը մի քանի րոպե հետո՝ մեր խորդուբորդ ճանապարհների վիհերը, փոսերն ու փոսորակները հաղթահարելու հենց առաջին իսկ կիլոմետրի վրա… Այսքանից հետո, կարծում եմ, արդեն պարզ դարձավ, թե ինչու եմ այդպես տագնապով հետևում, պարոն Քըրքորյան, Ձեր ճանապարհաշինական գործունեությանը, որի բարեհաջող ավարտին, չեմ կասկածում, անհամբեր սպասում է մեր հավանական հակառակորդը՝ մեր երկիր ներխուժելու մեր իսկ ջանքերով կառուցած, բարեկարգված ճանապարհներով… Սակայն գործը կարող է դրան չհասնել, եթե միայն չվճռեք Ձեզ բնորոշ հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կարգ ու կանոն հաստատել մեր մաքսատներում տիրող խառնափնթոր վիճակի մեջ: Չզարմանաք, եթե ասեմ, որ հենց այդ մեղմ ասած «խառնափնթոր վիճակն» է մեր սահմանների  անառիկության հիմնական պատճառներից մեկը: Այո, պարոն Քըրքորյան, Ձեր սիրտն էլ կարեկցանքից կտոր-կտոր կլինի, եթե պատկերացնեք, թե մեր մաքսատան տղաներն ինչ օրը կգցեն մեր հավանական հակառակորդին, եթե սա փորձի սահմանն անցնել իր զենք ու զորքով, մեքենաներով, զինամթերքով և հատկապես սննդամթերքով… Այնքա՜ն թուղթ լրացնել տան,  այնքա՜ն տանեն-բերեն, այնպե՜ս կլպեն ու մաքսազերծեն, որ սրանք ամռան այրող շոգին ու տոթին, ձմռան ձյուն ու ցրտին մորեմերկ ու տկլոր, մոլորված մնան սահմանի գլխին, եկած ճանապարհն ու անելիքը մոռացած… Է՛հ, լավ ենթադրենք, թե մեր հավանական հակառակորդը կարողանա մի կերպ, չոքեչոք ու սողեսող հասնել մեր պանծալի մայրաքաղաք, հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ էր գրավելու և ի՞նչ թալանելու… : Եղած-չեղած քիչ թե շատ արժեքավոր բաները հենց մենք մեր ձեռքով վաղուց ի վեր ուղարկել ենք նույն այդ հավանական հակառակորդի երկիր: Պարսկա-թուրքական կեղծված ու անորակ ապրանքնե՞րը պիտի թալանեն, որոնցից իրենք հազիվ են ազատվել, ձրի էլ տաս, չեն վերցնի… Կոնյակի գործարան մտնել չեն կարող՝ ֆրանսիացիներին դեմ կառնեն, կապի ու Ինտերնետի հանգույցները գրավել չեն կարող՝ հույների կատաղի դիամդրությանը կհանդիպեն: Գրանդ Տոբակոյում՝ կանադացիների, Նաիրիտում՝ անգլիացիների, Հրազդանի ՊՇԷԿ մտնել չեն կարողանա՝ սվինամարտի կնետվեն ռուսները, որոնց վերջերս հանձնվեցին սա ու էլի երկու-երեք ձեռնարկություն՝ պարտքի դիմաց… Էլ ի՞նչ է մնում գրավելու՝ մշակույթի քանդուքարափ օջախնե՞րը, թե՞ Քրջի Բազարը, ուր հավաքված մեր մտավորականության ընտրանին իր վերջին փալաս-փուլուսն է վաճառում օրվա հաց հայթհայթելու համար… Այո, սրանք կարևոր փաստարկներ են, որոնք ցանկացած խելքը գլխին հավանական հակառակորդի կստիպեն ետ կանգնել մեր երկրի վրա հարձակվելու և գրավելու մտքից, մանավանդ որ նրանց հայտնի է, որ գրավելով մեր երկիրը, ըստ միջազգային իրավունքի համապատասխան հոդվածների, նա պարտավոր է կարճ ժամանակամիջոցում փակել մեր բյուջեի ահռելի ճեղքվածքը, համաշխարհային բանկին վերադարձնել այն վիթխարի վարկային պարտքերը, որոնք տարիներ շարունակ վերցրել ու մեծ հաջողությամբ յուրացրել են մեր հարազատ իշխանավորները…

Եվ վերջապես՝ մեր անառիկության ամենակարևոր հաղթաթուղթը՝ կիսաքաղց ու թշվառական գործազուրկների վիթխարի բանակը, որը կարող է փակել նույնիսկ ամենաարյունռուշտ հավանական հակառակորդի նվաճողական ախորժակը: Չէ՞ որ հայտնի փաստ է, որ մեխանիկորեն վերածվելով հաղթող երկրի քաղաքացու, աշխատանք և ապրուստ գտնելու փափագով, պարտված երկրի ամբողջ բնակչությունը մեկ մարդու նման լցվում է նվաճողի մայրաքաղաքը և կարճ ժամանակամիջոցում մի այնպիսի սոդոմ-գոմոր, խառնաշփոթ է ստեղծում այնտեղ, որ այլևս կդժվարանաս հասկանալ, թե ով է հաղթել և ով՝ պարտվել…

Ինչ խոսք, մեկնաբանությունները կարելի էր դեռ երկար շարունակել, սակայն կարճ կապենք, համոզված ենք, որ այսքանն էլ բավարար է Ձեզ նման խորաթափանց մարդու համար, պարոն Քըրքորյան, հասկանալու, որ Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելուն, մարդկանց բարեկեցությունը բարձրացնելուն, մայրաքաղաքն ու հանրապետությունն ամբողջությամբ բարենորոգելուն, գեղեցկացնելուն և հատկապես ճանապարհաշինությանն ուղղված Ձեր հայրենանվեր ու անշահախնդիր ջանքերը ձեր կամքին հակառակ ինչ տագնապալի հետևանքներ կարող են ունենալ՝ մեր փոքրիկ երկրի անառիկությունը, սահմանների անխախտելիությունը և, ի վերջո, թանկ գնով ձեռք բերված մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու առումով:

Անկեղծ մաղթանքներով և խորին հարգանքներով՝

ՄԱԵՍՏՐՈ

[sharify]