Մաեստրոյի առաջարկով և ընդառաջելով մի խումբ առաջադեմ մանկավարժների բողոք-դիմումներին, լուսնախարարությունում վերջերս լրջորեն մտածում են համաքաղաքային մանկավարժական խորհուրդ հրավիրել և քննարկման նյութ դարձնել այն հարցը, թե արդյո՞ք նպատակահարմար է դպրոցական և բուհական ուսումնական ծրագրերում թողնել մի հեղինակի, թեկուզ միջնադարյան, որն իր ստեղծագործություններում դրույթներ է բացահայտորեն պրոպագանդում և միաժամանակ, իր խիստ բացասական վերաբերմունքն է արտահայտում իշխող կուսակցության նկատմամբ:
Այս հարցը լուսաբանելու համար կազմակերպված մամուլի ասուլիսում, ճշտվեց, որ խոսքը գնում է միջնադարյան բանաստեղծ Տեր-Ստեփանոսի մասին, որը գրական շրջաններում առավել հայտնի է Սայաթ-Նովա կեղծանունով, իսկ բողոքների համար հիմք է ընդունվել նրա այն ստեղծագործությունը, ուր նա անթաքույց խոսում է իր կուսակցական համակրանքների և հակակրանքների մասին, իսկ մի տեղ բացահայտորեն ասում է.
Ես ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում…
-Ռամիկի հարցում ամեն ինչ պարզ է,- հայտարարեց լուսնախարարության ներկայացուցիչը,- իսկ Իշխանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխող կուսակցություն…
Ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունի մանկխորհուրդը, անձամբ ինքը վճռականորեն է տրամադրված, որովհետև համոզված է, որ մատաղ սերնդին չի կարելի թունավորել կուսակցական անհանդուրժողականության ոգով… մանավանդ վերջին ընտրություններից հետո, որի հետևանքն այն եղավ, որ իշխանությունները նորից ու նորից փակեցին ԱԺ դռները Տեր-Ստեփանոսի կուսակցության առաջ…