39. ԼԻՆԵՐ ՀԵՌՈՒ ՄԻ ԱՆԿՅՈՒՆ, ԱՐԴԱՐ, ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

 

Մեկնարկել է ԱԺ պատգամավորական և նախագահական ընտրությունների ստվերային պայքարը, որն, ինչպես հայտնի է, նախորդում է իսկական և մեծ պայքարին: Սակայն այս մեկը, որը կարելի է փորձաշրջան անվանել կամ պրեմիերա բեմելից առաջ, իր թեժությամբ և ծավալներով ամենևին չի զիջում իսկականին: ԱԺ նախընտրական ստվերային հանդիպումներից վերջերս է վերադարձել Մաեստրոն, որն էլ սիրով ներկայացնում է իր տպավորությունները:

 

ՄԱԵՍՏՐՈ

Հանդիպման մեկնելիս հոգուս մեջ չափազանց վառ տպավորվեց ավտոբուսում լսածս մի պատահական խոսակցություն՝ կապված պատգամավորական ընտրությունների հետ: Տարիների բեռից սմքած մի պառավ մտերմաբար սիրտն էր բացել կողքինի՝ իր նման մի այլ պառավի առաջ. «Էն օրը տղես, մեռնի՜մ արևին,- կերկերուն ձայնով պատմում էր պառավը,- էս ամբողջ հրապարակի ժողովրդի առաջ խոստացավ, որ եթե ընտրվի՝ պլանքաշությունն ու սրսկվելը թարգելու ա: Քա դու տեսնեիր, թե ժողովուրդն ինչ ոգևորությամբ ուռռա՜ գոռաց ու ծափ տվեց: Տղես ինքն էլ ոգևորվեց ու ավելացրեց, թե՝ ժողովուրդ ջան, խոստանում եմ գողությունն էլ թարգել… Էդ խոսքի վրա քար լռություն իջավ, ու էդ լռության միջից մեկը ձեն տվավ, թե՝ դու որ թարգես, պիտի մեզ էլ արգելես, է՜, առանց գողության ո՞նց ենք ապրելու…- Պառավը մի պահ դադար տվեց ու քիչ անց մտերմիկ ձայնով շարունակեց,- Բա, քուր ջան, խեղճ ժողովուրդը ո՞ր պատովը գլուխը տա, էդ մի գողությունն ա մնացել, էն էլ որ ձեռներից առնին, ըշտը սոված կջարդվին՝  մեծից փոքր… Ըդոր հմար էլ տղես վերջում ավելացրեց, որ իրեն սխալ են հասկացել, որ իր խոսքը վերաբերվել է գրագողությանը, թե չէ էն մյուսը կա ու կա… Էս խոսքի վրա ժողովուրդը նորից ուռռա՜ գոռաց…»:

Լսում էի պառավին ու թեթևացած շունչ քաշում. հիանալի՜ է, ուրեմն թեկնածուների մեջ դեռևս կան այնպիսիք, ովքեր կարողանում են ընդառաջ գնալ ժողովրդի ցանկություններին՝ առավել իրատեսական դարձնելով իրենց ծրագրերն ու խոստումները: Ավա՜ղ, պառավի խոսքերից հնարավոր չեղավ գլխի ընկնել, թե պատգամավորության կոնկրետ ո՞ր թեկնածուի մասին էր խոսքը, այլապես ձայնս հաստատ նրան կտայի և ոչ թե նրանց, ովքեր խոստանում են ընտրվելու դեպքում ոչ միայն Ղարաբաղը միացնել իրենց ընտրական տեղամասին, այլև վիթխարածավալ Ավստրալիան իր կենգուրուներով և նույնիսկ Սոմալին՝ իր Մոգադիշո մայրաքաղաքով:

Երբեք չեմ մոռանա պատգամավորության թեկնածուներից մեկին, որը հավաստիացնում էր՝ երդվելով հարազատների սուրբ հիշատակով, որ կյանքի նպատակն է՝ ընտրվելու դեպքում ոտից-գլուխ բարեփոխել ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի սահմանադրությունը՝ վերջինիս մեջ ավելացնելով մի կարևոր կետ. «Անմիջապես մոտիկից ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը և իսկական տիրոջը վերադարձնել նրանից անարդարացիորեն խլված հողերն ու ունեցվածքը…»:

Սա դեռ ոչինչ: Ջախջախիչ քննադատության ենթարկելով փողոցային երթևեկության կանոնագիրքը, թեկնածուն աներկբա փաստերով ապացուցում էր, որ այդ կանոնագիրքը հակոտնյա է մեր ժողովրդի ներկա ձգտումներին և ծայրեծայր ապազգային է: Այն ազգային դարձնելու առաջնահերթություններից կարևորը՝ փողոցային երթևեկությունը կարգավորող լուսաֆորն է: Թեկածուն առաջարկում է ներկայիս կարմիր, կանաչ, և դեղին գույները փոխարինել կարմիր, կապույտ, նարնջագույնով… Նշենք փոփոխություններից ևս մեկը՝ փողոցային երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանման արարողությունը պիտի պարտադիր ավարտվի «Իմ հայրենիք անկախ, ազատ» հիմներգով, տուգանված ավտովարորդի, տուգանող ավտոտեսուչի և դեպքի վայրում հավաքված պարապ-սարապ քաղաքացիների, ինչպես նաև մոտակա գյուղերի բնակիչների կատարմամբ…

Հանրապետությունում ձևավորված սոցիալ-տնտեսական ծանր իրադրությունը թեթևացնելու նպատակով թեկնածուն առաջարկում է հասարակական տրանսպորտում հատուկ նստատեղեր հատկացնել փախստականների, աղետի գոտու բնակչության, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Նա լիովին համոզված է, որ ԱԺ պատգամավորները պիտի երթևեկեն կանգնած: Նրանց կթույլատրվի նստել  միմիայն այն դեպքում, եթե Ազգային ժողովը հարգի գլխավոր դատախազի միջնորդությունը:

 

 

[sharify]