65.ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Հարցազրույցի սկզբում Մաեստրոն անդրադարձավ իրաքյան իրադարձություններին, և բառացիորեն հայտնեց հետևյալը. «ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի որոնման արդյունքների իր վերջին զեկույցում նշել է, որ թեև երկարատև, քրտնաջան և մանրազնին աշխատանքի ընթացքում միջուկային և քիմիական զենք չի հայտնաբերել, բայց դրա փոխարեն գտել է մեզ բոլորիս հուզող շատ կարևոր հարցի պատասխանը, այն է՝ կա՞ արդյոք խուրմա Բաղդադում:  Հուրախություն բոլորիս, պարզվել է, որ կա»:

  Այնուհետև զրույցը թեքվեց ընթացիկ ամենակարևոր հարցի՝ ընտրությունների ուղղությամբ: Եվ Մաեստրոն, նախքան հարցազրույցը, նշեց հետևյալը.

  -Ընտրությունները ծանր հարված են հասցնում հանրապետության գյուղատնտեսությանը և հատկապես անասնապահությանը: Ինչպես արդեն գիտեք, գյուղական վայրեր մտնելիս նախագահության թեկնածուների ոտքերի տակ ոչխար են մորթում: Եվ այս հեթանոսական ծիսակատարությունը, ցավոք սրտի, արմատացել է վերջին տարիներին և զարգացման միտումներ է ձեռք բերել: Դե, հիմա դիմենք թվաբանության օգնությանը: Պարզ հաշվարկն ի՞նչ է ցույց տալիս՝ ունենք 11 թեկնածու, դա նշանակում է՝ մինչև փետրվարի 19-ը յուրաքանչյուր գյուղում մորթվելու է 11 ոչխար: Իսկ եթե այն բազմապատկենք Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերի թվով, կստացվի շուրջ 15000 մանր կճղակավոր, բրդատու, մսատու և կաթնատու անասունների սպանդ, ինչը ծանր հարված է մեր նման փոքրիկ հանրապետությանը, որը նոր-նոր ոտքի է կանգնում: Սա դեռ ոչինչ, առջևում ԱԺ պատգամավորական ընտրություններն են: Իսկ այստեղ պատգամավորության թեկնածուների թիվն արդեն հավանաբար կանցնի հազարից… Պատկերացնու՞մ եք, թե ինչ թիվ կստացվի, եթե այս հազարի ոտքերի առաջ նույնպես ոչխար մորթեն, ինչն ամենևին չի բացառվում:

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, իսկապես սարսափելի պատկեր է ստացվում, և կարծում եմ, որ եթե Ձեր կանխագուշակությունը իրականություն դառնա, ապա հանրապետությունը ուշքի չի գա… Ի՞նչ եք առաջարկում այս սպանդի դեմն առնելու համար, քանի դեռ ուշ չէ:

ՄԱԵՍՏՐՈ.-Շատ դժվար հարց տվեցիք, և պիտի խոստովանեմ, որ չափազանց երկար եմ մտածել այդ հիրավի ծանր խնդրի լուծման վրա: Սկզբնական շրջանում հարմար ելք չգտնելով, ես որոշեցի կարճ կապել և դիմել հանրապետության իշխանություններին՝ բացատրելով իրադրությունը, նախընտրական քարոզչության շրջանում երկրի տարածքից դուրս հանել մեր ունեցած-չունեցած ոչխարներն ամբողջությամբ, գառներով հանդերձ: Հետո որոշ հաշվարկներ կատարելուց հետո վճռեցի ետ կանգնել դրանից, հասկանալով, որ հանրապետության աաղքատիկ բյուջեն չի դիմանա այդպիսի մեծ ծախսերի… Եվ հետո, ու՞ր հանես. Ադրբեջան տանես՝ էլ ետ բերել չի լինի, Վրաստանի դեպքում՝ կեսը չեն տա, իսկ մյուս կեսի դիմաց մանդարին կտան, Թուրքիա տանել չենք կարող՝ պայմաններ կդնեն, թե՝ նախ հրաժարվեք հայ դատից և Ղարաբաղից… Է˜հ, մի քանի ոչխարի համար արժե՞  այդպիսի զիջումների գնալ: Միակ հնարավոր երկիրը Իրանն է, այստեղ էլ մեր մաքսային ծառայություններն այնպիսի խոչընդոտներ կդնեն, այնքան կտանեն-կբերեն, այնքան թղթեր լրացնել կտան, որ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ բոլոր ոչխարները գլխովին կոտորվեն… Մի խոսքով, հասկանալի պատճառներով հրաժարվեցի այդ մտքից և սկսեցի մտածել բոլորովին ուրիշ ուղղությամբ… (Մաեստրոն հայացքը հառեց պատուհանից դուրս և ընկավ խորը մտքերի մեջ):

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո՞…

ՄԱԵՍՏՐՈ.-Հա, բալա ջան: -Սթափվեց մեծ գրողն ու հասարակական գործիչը:

ԹՂԹԱԿԻՑ.-Վերջն ի՞նչ որոշեցիք…

ՄԱԵՍՏՐՈ.-Ի՞նչ ասեմ,, երկար գցել-քաշելուց հետո որոշեցի տունս ծախել, տեղափոխվել քաղաքի կենտրոն: Մի շատ սիրուն, անմարդ կնիկ եմ գտել: Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել, համ կենտրոնում մեծ տուն ունի, համ՝ լավ աշխատանք, ինձ էլ որպես գրողի, հասարակական գործչի շատ սիրում, հարգում է… Այնպես որ, կմտնեմ մարդամեջ, հանգիստ կապրեմ, վաստակել եմ, չէ՞, այդ իրավունքը…

ԹՂԹԱԿԻՑ.-Ա´յ Մաեստրո, ի՞նչ կնիկ, ի՞նչ տուն ծախել, ի՞նչ կենտրոն… Մենք, ախր, բոլորովին ուրիշ բաներից էինք խոսում՝ ընտրություններից, ոչխարներից… Մոռացա՞ք: Ի՞նչ ելք գտաք նախընտրական քարոզչության շրջանում ոչխարների կոտորածի դեմն առնելու ուղղությամբ: Ախր, ինչպես դուք եք նկատել, դրանից է կախված մեր հանրապետության լինել-չլինելու հարցը:

ՄԱԵՍՏՐՈ.-Հա, հիշեցի, բալա ջան,   գյուղ մտնող ամեն թեկնածուի ոտքի տակ ոչխար են մորթում, բազմապատկած 11-ով… Լավ, լավ, հիշեցի… Ուրեմն, ինչպես ասացի, ոչխարներին հանրապետությունից դուրս հանելը հարցի լուծում չէ: Եվ ահա թե ինչ որոշեցի և շուտով, այս երկու օրը առաջարկով կդիմեմ ընտրական հանձնաժողովի նախագահին… Այս երկու օրը, հենց ազատվեմ տունը ծախելու գլխացավանքից… Բայց ի՛նչ կնիկ եմ գտել, ավելի ճիշտ՝ ինքն է ինձ գտել, ինձ նման իգիթ տղամարդուն գտնելն ի՞նչ մի խնդիր է…

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, կենտրոնանանք, վերադառնանք մեր ոչխարներին…

ՄԱԵՍՏՐՈ.-Ուրեմն բալա ջան, ելքը գտել եմ, կարող ես թեթև շունչ քաշել:

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, համակ ուշադրություն եմ. ի՞նչ եք առաջարկելու:

ՄԱԵՍՏՐՈ.-Հաշվի առնելով մեր  հանրապետության համար խնդրի արտակարգ կարևորությունը, առաջարկում եմ ընտրելու իրավունքով էլեկտորատի մեջ հասարակական կենդանիների հետ միասին ընդգրկել նաև ընտանի կենդանիներին, մասնավորապես՝ ոչխարներին: Դրանով մենք բնության անմեղ զավակներին փրկած կլինենք կոտորվելուց, իսկ մեր գյուղատնտեսությունը՝ ծանր և անդառնալի կորստից: Անուն առ անուն կկազմենք նրանց ընրացուցակը և կփակցնենք համապատասխան տեղերում: Դրանից հետո, ինքդ ասա, ո՞վ ռիսկ կանի ձեռք բարձրացնել ընտրողի վրա… Չէ՞ որ դա ընտրությունը կեղծելու փորձ կհամարվի, և քրեական պատասխանատվությունը կդառնա անխուսափելի:

ԹՂԹԱԿԻՑ.-Բայց, Մաեստրո, հասարակությունը չի՞ վիրավորվի, որ նրանց ընտրական իրավունքները հավասարեցնում ենք ինչ-որ կենդանիների:

ՄԱԵՍՏՐՈ.-Նախ, ոչխարը ոչ թե ինչ-որ, այլ շատ կարևոր ու օգտակար կենդանի է: Ես համոզված եմ, որ հասարակությունը մեր որոշումը ճիշտ կընկալի: Կբացատրենք, թե ինչ ծանր իրադրություն է ստեղծվել, այս հարցում լրագրողներից էլ է շատ բան կախված… Եվ հետո՝ վիրավորվու՞մ են, ջհանդամին վիրավորվեն, բա լավ կլինի՞, որ ոչխարի տարում մնանք առանց ոչխարի…

[sharify]