Տեղեկանալով, որ ՄԱԵՍՏՐՈՆ վերջին շրջանում խրվել է լեզվաբանության մեջ, խնդրեցի նրան արտահայտել իր մտահոգությունները.
– Ինչպե՞ս է վիճակը, ՄԱԵՍՏՐՈ:
– Շնորհակալություն, շատ վատ,- եղավ կարճ պատասխանը:- Մնացածը նրա հոդվածում:
Համոզված եմ շատերդ, եթե ոչ բոլորդ, անգիր գիտեք, թե ինչպես է սկսվում «Տասներկու աթոռի» 22-րդ գլուխը. «Հետազոտողների հաշվարկներով,- գրում են այդ սքանչելի ստեղծագործության հեղինակները,- Վիլյամ Շեքսպիրի բառարանը բաղկացած է12 000 բառից: Մարդակեր «Մումբու-Յումբու» ցեղի նեգրերի բառապաշարը կազմում է 200 բառ: Էլլոչկա Շչուկինան հետ ու հանգիստ յոլա է գնում երեսուն բառով…»:
Երկար հաշվարկի անհրաժեշտություն չի զգացվի ճշտելու, թե այս աղյուսակում ինչ տեղ են գրավում մեր թերթերի հոդվածագիրները, քաղաքական գործիչները, և ընդհանրապես մենք բոլորս՝ ազգովի: Եթե նույնիսկ ընդամենը մի շաբաթ էլ իրար ետևից կարդաս մեր թերթերը, ուշադրությամբ լսես հեեռուստատեսությամբ, ռադիոյով, միտինգներում հանդես եկող մեր գործիչներին, հռետորներին և՝ փողոցներում, տոնավաճառներում, տրանսպորտում հետևես մեր ազգաբնակչության առտնին խոսակցություններին, բավական է, որպեսզի կարողանաս լիակատար պատկերացում կազմել այն բառապաշարի մասին, որը գրեթե նույնությամբ քոչում է հոդվածից հոդված, թերթից թերթ, հնչում է փողոցներում, խանութնորում, մի խոսքով ամենուրեք, ուր երկու հայ մարդ զրուցում են իրար հետ: Ահա այդ բառերից մի քանիսը «սադրանք, ակցիզ, թանկություն, բիրիկ, աճուրդ, տոկոս, սահմանադրություն, կուսակցություն, արտահերթ, նստաշրջան, լսումներ, ճգնաժամ, բյուջե, ճեղքվածք, հրաժարական, կաշառք, մազութ, հանձնաժողով, թալան, պարտք, սով, ցուրտ և ի վերջո՝ արտագաղթ…», ևս մի 30-40 բառ: Եվ վերջ: Մի խոսքով՝ շուրջ հարյուր բառ: Ասել է, թե Էլլոչկա Շչուկինայի նկատմամբ դեռևս շահեկան վիճակում ենք գտնվում, բայց խիստ հեռու է «Մումբու-Յումբուին» հասնելու ճանապարհը: Դեռ շատ պիտի աճենք: Ո՞ւր կորան մեր մյուս տասնյակ հազարավոր բառերը, ո՞ւր անհետացան և ինչպե՞ս… Եվ, ընդհանրապես, եթե հետևելու լիինենք մեր լեզվին, ուրիշ շատ հետաքրքիր փոփոխություններ կնկատենք:
«Նույն գետը երկրորդ անգամ մտնել չես կարող»,- ազդարարում է հայտնի ասացվածքը: Այն ի նկատի ունի այնպիսի լուրջ ու պատկառելի գետեր, ինչպիսիք են Ամազոնը, Դանուբը, Վոլգան… Ինչ վերաբերում է մեր գետերին, ինչպիսին օրինակ Գետառն է, ապա ասացվածքինպիտի այսպիսի հավելում կատարել. «Առողջապահությունը զգուշացնում է, որ սույն գետը երկրորդ անգամ մտնել խորհուրդ չի տրվում՝ շատ պարզ պատճառով: Որովհետև բավական է մի անգամ մտնես, որպեսզի շտապ օգնության ավտոմեքենայով անմիջապես տարվես սուր վարակիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժին ու որտեղից էլ սահուն տեղափոխվես աշխարհներից լավագույնը՝ Շոպենի երաժշտության սգավոր հնչյուններով պարուրված…»:
Մինչդեռ, վերոհիշյալ ասացվածքը լուրջ գետերի պարագայում մեզ հուշում է, որ աշխարհում ամեն ինչ փոփոխական է… Փոխվում են եղանակները, փոխվում են հագուստներն ու ճաշակները, ի վերջո, փոխվում են նույնիսկ նախարարները… Հասկանալի է, որ այս հանատարած փոփոխությունների մեջ չեր կարող անփոփոխ մնալ լեզուն: Զարմանալի փոփոխություններ են նկատվում արդեն բառերի իմաստների մեջ: Առաջ, օրինակ, եթե «նայել» նշանակում էր դիտել, տեսնել, և տեղից վեր ելնողը կարող էր շատ հանգիստ դես ու դեն նայել, ապա հիմա թաղերում ասենք, նայել կարող է ընդամենը մեկը, մյուսները նայողին մուծվողներ են…
Առաջացել են բազմաթիվ նոր բառեր, ինչպես օրինակ «քցելը», որը ոչ մի առնչություն չունի նախկին «գցելու» կամ «նետելու» հետ: Որոշ բառեր էլ վերացման եզրին են, ինչպես օրինակ՝ «աշխատավարձը», «թոշակը», «հոնորարը»…
Հետաքրքիր փոփոխություններ են նկատվում հատկապես լեզվի ներքին մեխանիզմում, այսպես կոչված քերականության մեջ: Եղանակների, ժամանակների, հոլովների մեջ սեփականաշնորհման գործընթաց նկատվեց: Ներկա ժամանակը պարզապես դարձավ ունևորների և իշխանավորների սեփականությունը: Այդ միայն նրանք կարող են , օրինակ՝ «ապրել» բայը խոնարհել ներկա ժամանակով. «ապրում եմ, ապրում ես, ապրում է, ապրում ենք, ապպրում եք, ապրում են…»: Իսկ ահա գործազուրկների, ընչազուրկների դասին բաժին է ընկել անցյալ,այն էլ՝ անկատար ժամանակը. «ապրում էի, ապրում էիր, ապրում էր, ապրում էինք, ապպրում էիք, ապրում էին…»: Ճիշտն ասած, մի առանձնապես չէինք ապրում, բայց դե հո չե՞ս համեմատի…
Սակայն այսօրվա ընչազուրկներն ու գործազուրկները մի մեծ մխիթարություն ունեն, եթե, օրինակ, նրանք «նստում էին» անցյալում, ասենք ՆԷՊ-ի տարիներին, ապա ներկայիս ունևորների և իշխանավորների մեծ մասը «նստում է» հենց ներկայում… Իսկ ոմանք նույնիսկ, հեռու մեզանից, «պառկում են»…
Մնացել է ընդամենը մի բայ, որը նույնական է մնացել թե՛ ունևորների և թե՛ ընչազուրկների շրջանում, խոսքը վերաբերում է «գնալ» բային. «գնում եմ, գնում ես, գնում է, գնում ենք, գնում եք, գնում են»… Թեև այստեղ էլ մի տարբերություն կա – գործազուրկներն ու ընչազուրկները ձեռից են «գնում», իսկ ունևորները գերադասում են «գնալ» արտասահման…