Անսխալ, ճշգրիտ ընտրությունների խնդիրը երևի թե մեր կյանքի ամենակարևոր խնդիրն է, հատկապես հիմա, երբ առջևում են Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները, էլ չեմ խոսում նախագահական ընտրությունների մասին: Իսկ սխալվելու հավանականությունն օրեցօր մեծանում է: Ինչպե՞ս կողմնորոշվել խոստումների, երդումների, խանդավառ ծրագրերի խառնաշփոթի մեջ, ո՞ր մի թեկնածուին հավատալ և ինչու: Ինչպես միշտ, այս անգամ ևս՝ Մաեստրոն գտել է և ներկայացնում է այդ դժվարին ու խրթին խնդրի լուծման ամենաարդյունավետ ուղին:
ՄԱԵՍՏՐՈ
Այո, սիրելի ժողովուրդ, առանց ավելորդ համեստության կարող եմ հայտարարել, որ ես գտել եմ մեր օրերի ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս չսխալվել ընտրության հարցում, ինչպե՞ս ճանաչել թեկնածուին: Իմ նորամուծությանը ծանոթանալուց հետո այլևս պետք չէ կարդալ թեկնածուների կենսագրականները, լսել խոստումներն ու երդումները, ծանոթանալ նրանց ծրագրերին, որոնք կարող եք չկասկածել, արտագրված են միմյանցից: Այդ ամենը, սիրելի ժողովուրդ, առանց երկմտանքի նետիր մի կողմ և հայացքդ հառիր թեկնածուի… քթին: Այո, այո, ոչ թե խոստումներին ու ծրագրերին, ոչ թե սրտին ու հոգուն, այլ՝ քթին: Եվ այդ քիթը քեզ ամեն ինչ կասի:
Եվ ինչպես բոլոր հանճարեղ գյուտերը, այս մեկի ծագումն էլ չափազանց պարզ է, և ինչպես միշտ՝ գալիս է ժողովրդի իմաստնությունից: Շատերն են գործածում, բայց հետևություն արե՞լ եք, որ ժողովրդական բառ ու բանի մեջ մարդուն ւ երևույթները բնորոշող, ցավն ու ուրախությունը ձևակերպող արտահայտությունները հիմնականում կապված են քթի հետ: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ. ահա կարճամտության, անհեռատեսության բնութագրումը՝ «սեփական քթից այն կողմ չտեսնել», սնապարծության հետևանքը՝ «քիթը գցած ման գալ», մեծամտության հետևանքը՝ «քիթը քարին առնել», ավելորդ հետաքրքրասիրությունը՝ «քիթն ուրիշի գործերի մեջ խոթել», ապաշնորհությունը՝ «քթածակ չունենալ», մտերմությունը՝ «քիթ քթի ապրել», վհատվելը՝ «քիթը կախել»… Ինչևէ: Երկարամյա փորձերի, ուսումնասիրությունների, գիտահետազոտական վերլուծումների և վերծանումների արդյունքում, ի վերջո ավարտեցի. «Քիթն է հոգու հայելին» ծավալուն աշխատությունս, որի մեջ ես ապացուցում եմ, որ մարդու էությունն անթաքույց, ցցուն և բացահայտ արտահայտողը քիթն է, և թե ինչպիսի հատկանիշներով է օժտված ներկայացված անձը, և արժե՞ արդյոք ընտրել նրան, թե՞ չընտրել, կարելի է անսխալ որոշել՝ ելնելով նրաքթի ձևից, չափից և դիրքից: Աշխատությունս, ինչպես արդեն ասացի, արդեն ավարտված է և շուտով լույս կտեսնի, այնպես որ, այս փոքրիկ հոդվածի համար ներկայացնեմ ընդամենը մի քանի բնորոշ բանաձևում.
ա) Իդեալական է համարվում այն համամասնությունը, երբ քիթը կազմումէ դեմքի ուղիղ մեկ երրորդը: Դեմքի ճշգրիտ բաժանումը ներքին հավասարակշռության նշան է և վկայում է, որ թեկնածուն անկեղծ ու արդար անձնավորություն է: Ցավոք սրտի, հայ ժողովրդի պարագայում իրադրությունը ճիշտ հակառակն է, երբեմն դեմքն է կազմում քթի մեկ երրորդը, ինչը բավականին դժվարացնում է անկեղծ ու արդար թեկնածուի որոնումները:
բ) Սարսափելի ոչինչ չկա, եթե քիթն, անկախ իր ձևից, չափազանց հաստ է: Դա խոսում է թեկնածուի սրտաբացության և լավատեսության մասին: Հիշեք, որ հարուստներն ու երջանիկները հազվադեպ են բարակ քիթ ունենում (տե՛ս՝ Աբիսողոմ աղայի քիթը):
գ) Տափակ քիթն անվճռականություն է նշանակում, հետևաբար, այդպիսի քթով ընտրություններին մասնակցելը պիտի խիստ անհեռանկարային համարել:
դ) Իդեալական թեկնածուի քիթը, սիրելի ժողովուրդ, երբեք չմոռանաս, պիտի ուղիղ լինի, բայց կլորավուն ծայրով: Այդպիսի քիթ ունեցել են մեր նախնիները, հատկապես մեր պատմության վաղ շրջանում (տե՛ս Տիգրան Մեծի քիթը)… Հետագա շրջանում, ինչպես ասում են՝ մեր քիթը քարին առավ ու տափակեց:
Դե ինչ, տեղի սղության պատճառով առայժմ սահմանափակվենք այսքանով և նշենք այս մեթոդի միակ թերությունը, ինչը կարող է կոպիտ սխալների պատճառ հանդիսանալ. խոսքը՝ քթի վիրահատության մասին է: Բարեբախտաբար, այդօրինակ վիրահատություններն առայժմ միայն կանանց շրջանում են տարածված, որոնք, ինչպես գիտեք, անկախ քթի ձևից, դուրս են մնում ընտրությունների հենց առաջին փուլից: Սակայն կասկածների դեպքում պահանջեք թեկնածուի՝ այր թե կին, վաղ շրջանի, գերադասելի է՝ պատանեկան տարիների լուսանկարը: Հիշեք, որ վիրահատությունը թույլատրվում է միայն չափահաս դառնալուց հետո, երբ քթի աճը դադարում է:
Ուրեմն, սիրելի ժողովուրդ, ինչպես տեսնում ես՝ ելքը գտնված , այնպես որ՝ քիթդ մի կախիր և հավատով նայիր ապագային: