13. ԵՐԲ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ ՈՒՏԵԼՈՒ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

ՄԱԵՍՏՐՈՅԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐԻՑ

Հայ ժողովուրդը, հայտնի փաստ է, նոր հասարակարգի կառուցման առաջին տարիներին խիստ նիհարել էր և տպավորությունն այն էր, որ ազգովի մտել էինք Համլետի հոր ուրվականի դերակատարումը շահելու մրցույթի մեջ, և եթե նախորդ՝ սոցիալիստական հասարակարգում մեր հանրապետությունում առկա էր ընդամենը մեկ՝ կոմունիզմի ուրվականը, ապա հաշվետու ժամանակաշրջանում փոքրիկ Հայաստանը լցվել էր ավելի քան երեք ու կես միլիոն ուրվականներով: Իսկ ահա, այս վերջին երկու-երեք տարում հայ ժողովուրդն ընկավ մեկ այլ ծայրահեղության մեջ՝ ոտից-գլուխ խրվելով քաշն ավելացնելու գործընթացի մեջ:

Համատարած թշվառության և դրան ուղեկից, համանման երևույթներով հագեցած մթնոլորտում ո՞ւմ մտքով կանցներ մտածել այդ ուղղությամբ: Ես էլ, շատերի նման առօրյա բազում հոգսերի և հատկապես բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման, փոքր և միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտության շուրջ ծանր մտածումների բեռան տակ դեռևս երկար չէի նկատի այդ ուշագրավ երևույթը, եթե երթուղային տաքսու մեջ ականջիս պատահմամբ չհասներ վարորդի քրթմնջոցը, որը ոչ այն է ինձ էր ուղղված, ոչ այն է՝ Երկնավորին.

– Ա՛յ մարդ, էսպես էլ բա՞ն կեղնի,- պարզորոշ լսեցի վարորդի ձայնը,- առաջ էս նույն մաշինով կարգին փող կվաստակեի, տուն-տեղ կպահեի, հիմա հազիվ ծերը-ծերին եմ հասցնում.

– Ի՞նչն է փոխվել,- ակամա վարակվեցի փոքր բիզնեսի ներկայացուցչի տագնապով,- կարո՞ղ է մեքենադ է փոքրացել, կամ էլ՝ հարկերն են ավելացել, միգուցե բենզի՞նն է թանկացել…

– Պասաժի՜րն է չաղացել…- համարյա գոռաց վարորդը վրդովմունքով,- թե չէ՝ ի՞նչ հարկ, ի՞նչ բենզին…: Մի քանի տարի առաջ էս նույն մաշինի մեջ տասնհինգ մարդ էր հանգիստ տեղավորվում, հըլը, եթե խիղճս դնեի մի կողմ, կհասցնեի մինչև քսանի… Իսկ հիմա՞. վեց մարդ մտավ, էլ վերջ՝ յոթերորդին պիտի արդեն ռաժոկով մտցնես… Սկզբում մտածեցի, երևի թե ձմեռ է, մարդիկ տաք շորեր են հագել, հաստացել են, բայց հիմա, որ արդեն օրերը տաքանլու հետ սկսել են թեթև հագնվել, տեսա՝ ի՜նչ շոր, ա՛յ մարդ, փորերն ու քամակները գետնին կքսվին… Չաղացել են, էն էլ ի՜նչըղ են չաղացել, մանավանդ էս մեր անտեր կնանիք…

Երթուղային տաքսու վարորդի հետ այդ կարճ, բայց բովանդակալի զրույցից հետո սկսեցի ուշադրությամբ զննել ծանոթ-անծանոթի, հատկապես կանանց և զարմանքով նկատեցի, որ վարորդի խոսքերի մեջ մեծ ճշմարտություն կար…

Նախ, շատ ուրախացա՝ մտածելով, որ մարդկանց բարեկեցությունը բարձրացել է, ինչի հետևանքով նրանք որոշել եմ լրացնել նաև անցած սովյալ տարիների բաց թողածը և, բնականաբար, աննախադեպ պարարտացել են… Սակայն որոշ ժամանակ անց տրամադրությունս ընկավ, որովհետև կարճ հարցազրույցների օգնությամբ պարզեցի, որ իմ բարեպաշտ հայրենակիցները պարարտացել են քաղցից, ավելի ճիշտ՝ քաղցի սարսափից, ինչ հետևանքով դարձել են ամենակեր. կերել են իրենց աթոռներն ու սեղանները, սպասքն ու կահ-կարասին, ավտոմեքենաներն ու ավտոտնակները, և ամենասարսափելին այն է, որ կերել են իրենց վերջին հույսը՝ տներն ու տնամերձ տնտեսությունները: Այսինքն, ծախել ու կերել են…

– Ո՛չ, ամենասարսափելին դա չէ,- հեգնանքով քմծիծաղ տվեց պարարտացած ծանոթներիցս մեկը,- ամենասարսափելին գալու է շուտով, երբ այլևս ոչինչ չի մնա ուտելու, և ստիպված կլինենք իրար ուտել…

Նրա խոսքի ավարտին, նկատելով, թե ծանոթս ինչ գիշատիչ հայացքով է ուսումնասիրում մարմինս, ակամա փշաքաղվեցի և թուլացած ծնկներիս զոռ տալով՝ նետվեցի տուն, փակեցի դուռ ու լուսամուտ… Հիմա տանից շատ հազվադեպ եմ դուրս գալիս՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

 

[sharify]