17. «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՆԵՐԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐԻ ԺԱՆՐԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Համոզված եմ, որ այս դասախոսությունից հետո ձեզանից շատերն սկզբունքորեն կփոխեն իրենց կարծիքն ու հայացքները ճամփորդության մասին: Նախ, չենք կասկածում, որ բոլորիդ մեծ զարմանք պատճառած կլինեմ, եթե հայտնեմ, որ շուկայական հասարակարգում ամենակարևորը ո՛չ ճամփորդության սկիզբն է, ո՛չ ընթացքը և ո՛չ էլ վերջը: Ամենակարևորը, ինչքան էլ որ տարօրինակ է, սկսվում է ճամփորդությունից հետո:

Ահա և ուղևորությունն ավարտված է, ենթադրենք, թե վերադարձել եք Չեխիայից: Գլուխդ պայթում է ցավից՝ որպես զանազան ցածր ու բարձր շենքների առաջ խմբովին ժամերով արևի տակ տնկվելու հետևանք, ոտքերդ նվում են անվերջանալի էքսկուրսիաների և դրան գումարած՝ խանութից-խանութ վազքի, հրմշտոցի հոգնությունից, ձեռքերդ այլևս չես զգում՝ վիթխարի ճամպրուկներդ ավտոբուսից-ավտոբուս, հյուրանոցից-հյուրանոց քարշ տալու անընդմեջ էստաֆետի «շնորհիվ»:

Միգուցե կարելի գրել նաև այս ամենի մասին, բայց ո՞ւմ է հետաքրքիր քո նվացող ոտքերի ու կապտած ձեռքերի ոդիսականը. ընթերցողը քեզանից ռոմանտիկ և հերոսական իրադարձություններ է ակնկալում, նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ, կարևոր և բովանդակալից զրույցներ… Եվ դու, սիրելիս, որ վճռել ես նոր հասարակարգում չխզել կապերդ գրականության հետ, պարտավոր ես ընդառաջ գնալ ընթերցողի շահերին, այսինքն՝ պարզապես պարտավոր ես հորինել այդ ամենը…

Սկսենք թռիչքից: Արդյոք կարիք կա՞ պատմելու, թե ինչպես էիր քրտնում ու պաղում ինքնաթիռի ամեն մի տատանումից, թե ինչպես էր սիրտդ խառնում և կամ ինչ տոնայնությամբ էր խռմփում կողքիդ քնած ուղևորը, որն անջատվեց նստելուն պես… Հասկանալի է, որ կարիք չկա: Ուրեմն, առաջարկում ենք այս տարբերակը.

«…Ներքևում մնաց Զվարթնոց օդանավակայանը, և չանցած մի քանի ժամ, լուսանցույցից ներս ընկած արևի ճառագայթը հիշեցրեց, որ գարնանային Չեխիան սպասում է քեզ: Ուղիղ քեզ մոտեցող ժպտադեմ ուղեկցորդուհին (չմոռանաք մանրամասնորեն նկարագրել ուղեկցորդուհու գեղեցիկ դեմքն ու, հատկապես, սքանչելի ոտքերը) հասկացնել տվեց, որ իզուր են անցել աննկատ մնալու ջանքերդ, և հիմա ուր որ է սկսվելու է գրքեր ու ինքնագրեր խնդրելու այն ամենօրյա հոգնեցուցիչ պատմությունը, որից ազատվելու հույսեր էիր փայփայում գոնե թռիչքի ընթացքում…»:

Սկիզբն ապահովված է: Մնում է մեկ և կես էջի սահմաններում մատչելի գունագեղությամբ նկարագրել քո պատվին ինքնաթիռի սրահում կազմակերպված մեծարման ինքնաբուխ միջոցառումը, որի ժամանակ դու փայլուն ճառ կարտասանես «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը որպես գրականության գոյատևման պայման» թեմայով: Բուռն ծափահարությունների տակ ինքնաթիռը վայրէջք կկատարի Չեխիայի հյուրընկալ օդանավակայանում:

Անցնենք դիմավորմանը: Մի կողմ ենք դնում տեղատարափ անձրևի տակ ինքնաթիռից օդակայանի շենք կատարած  վազքի, փաստաթղթերի ձևակերպման միապաղաղ արարողության նկարագրությունը և ընթերցողին պատմում ենք հետևյալը.

«…Ինքնաթիռի հյուրընկալորեն բացված դռնից ներս հորդեց փողային նվագախմբի տոնական ողջույնը: Դեռևս սանդուղքի գլխին քեզ դիմավորելու հավաքված բազմահազար մարդկաց ու ծաղկեփնջերի միջից  դու նկատեցիր (գտնել և նշել Չեխիայի ներկայիս ամենանշանավոր գրողի անունը, նախապես ճշտելով՝ հանկարծ մեռած չլինի), որը քեզ տեսնելով ճեղքեց լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների բազմությունն ու գրկաբաց նետվեց առաջ…»: Այս ամենի նկարագրությանը տրամադրում ենք երկու էջից ոչ ավելի:

Շարունակությունը, որին կտրամադրենք տասը էջից ոչ պակաս, ամենահեշտն է՝ ո՛չ հորինել է պետք և ո՛չ՝ ստել: Բացում ենք հանրագիտարանը և հնարավորին չափ սեղմ շարադրում Չեխիայի գիտությանը, արտադրությանը, գյուղատնտեսությանը, մշակույթին և հատկապես գրականությանը վերաբերող հոդվածների բովանդակությունը: Կարող եք առանց կրճատումների արտագրել աշխարհագրական դիրքին և առանձնահատկություններին նվիրված հոդվածները:

Վերջում չմոռանաք երկու կարևոր հանգամանք՝ գրել ոչ թե Պրագա, ինչպես տարածված է, այլ՝ Պրահա, դա մեծ հավաստիություն կտա պատումին: Եվ ամենակարևորը՝ Սմետանան ոչ թե թթվասեր է, ինչպես հավանաբար ենթադրում եք դուք, այլ չեխ կոմպոզիտոր և այն էլ շատ տաղանդավոր և անվանի…

Այսքանը, որպես տեսություն: Գործնական աշխատանքի համար խնդրում եմ կարդալ վերջերս «Մայրամուտ» թերթում հրապարակած նոթերս՝ Նեպալ կատարած ուղևորությանս մասին: Այնտեղ, ի միջի այլոց, ընդամենը մի սխալ կա՝ Նեպալի մայրաքաղաքը ոչ թե Ուլան-Ուդեն է,ուր ես իսկապես եղել եմ բանակում ծառայելիս, և ոչ էլ Ուլան Բատորը, ինչպես ընթերցողներից ներողություն խնդրելով՝ ուղղում եմ տպել հաջորդ համարում, այլ մի բոլորովին ուրիշ անուն, որն անընդհատ մոռանում եմ, թեև ամեն օր զայրացած ընթերցողները զանգում՝ ասում են…Ինչևէ: Հաջորդ պարապմունքը նվիրելու ենք մանկական գրականությանը: Մաղթում եմ հաջողություններ: