64.ՆՈՐ ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ, ԱՄԵՆԱՑՆՑՈՂ, ԱՄԵՆԱՍԵՆՍԱՑԻՈՆ ԼՈՒՐԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Մաեստրոն հայտնագործել է նախագահ, ԱԺ պատգամավոր և, ընդհանրապես, որևէ կարևոր ղեկավար անձ ընտրելու լավագույն, օբյեկտիվ, հեռանկարային և անսխալ տարբերակը:

  Երկար որոնումներից հետո, վերջապես կարողացա գտնել Մաեստրոյին: Իսկ երկար որոնումներիս պատճառը տարեսկզբին բնորոշ բարեգործական միջոցառումների անսովոր առատությունն էր և Մաեստրոյի ժողովրդավարական, անհանգիստ բնավորությունը: Նա ձգտում է մասնակից դառնալ հարազատ ժողովրդի տագնապի կյանքի բոլոր քիչ թե շատ նշանակալի իրադարձություններին: Ի վերջո, նրան հայտնաբերեցի «Կինն ու գինին» հասարակական կազմակերպության պայծառ լուսավորված, լեփ-լեցուն դահլիճում, ուր քննարկվում էր «Ինչպե՞ս բարձրացնել հայ կանանց հասարակական կշիռը, առանց նրանց մարմնի կշիռը բարձրացնելու» հույժ կարևոր խնդիրը:

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո՛, Մաեստրո՛, -ուսը քնքշորեն ցնցելով, մի կերպ արթնացրեցի վերջին շարքում խորը քուն մտած Մաեստրոյին:

ՄԱԵՍՏՐՈ.-Հա՛, ի՞նչ է պատահել, տունը ջո՞ւր է լցվում, -վեր թռչելով, վախեցած հարցրեց Մաեստրոն: Հետո զարմացած դեսուդեն նայելով, վերջապես հիշեց, թե որտեղ է գտնվում, թեթևացած ժպտաց, -ասա, բալա ջան, ի՞նչ ես ուզում:

ԹՂԹԱԿԻՑ.-Ուզում եմ մեր բազմահազար ընթերցողների անունից մեծ ուշացումով, բայց սրտանց շնորհավորել Ձեր Նոր տարին և հարցնել, թե այս պահին քաղաքում ընթացող բազմաթիվ միջոցառումներից ինչո՞ւ եք ընտրել հենց այս մեկը. Կանանց խնդիրները ձեզ շա՞տ են հուզում…

ՄԱԵՍՏՐՈ.-Շա՛տ… Բայց ինձ ավելի շատ հուզում են այն լուրերը, ըստ որոնց միջոցառման ավարտին ճոխ կերուխում է լինելու: Եթե սուտ դուրս գան այդ լուրերը, ապա դա ծանր հարված կլինի կանանց հասարակական կշռին:

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, պետք է որ նկատած լինեք՝ անցյալ տարվա դեկտեմբերյան սառնամանիքներից սկսած առ այսօր մեր մայրաքաղաքում բուռն վերելք է ապրում մշակութային, հասարակական-քաղաքական կյանքը: Կինոներն ու թատրոնները լեփ-լեցուն են հանդիսատեսներով, հասարակական-քաղաքական ամենաչնչին միջոցառումներն անգամ մեծ բազմություն են հավաքում: Ինչո՞վ կբացատրեք մինչ այս մեր խիստ անտարբեր հասարակության ակտիվության այս աննախադեպ բուռն աշխուժացումը…

ՄԱԵՍՏՐՈ.-Է՛հ, բալա ջան, դու կինոներն ու թատրոնները գիտես, հուզմունքից սիրտս ճմլվեց, երբ իմացա, որ հարևաներս Նոր տարվա նախօրեին ամբողջ ընտանիքով գնացել են Ազգային գրադարան և մինչև ուշ գիշեր անցկացրել ընթերցասրահում… Պարզվեց, որ այդ ու հաջորդ օրերին սույն ընթերցասրահում ասեղ գցելու տեղ չի եղել: Դե ինչ, մտածեցի, մեր ժողովուրդն ընթերցասեր է եղել միշտ, և մենք նրան զուր տեղը մեղադրել ենք գիր ու գրականությունից երես թեքելու մեջ… Հուզմունքս էլ ավելի խորացավ, երբ տեղեկացա, որ սառնամանիքների ուժեղացմանը զուգընթաց խիստ մարդաշատ են դարձել նույնիսկ մեր անվանիների տուն-թանգարանները, ուր առաջ տարիներին մի քանի մարդ էր միայն մտնում… Իսկ հիմա, նույնիսկ այս սառնաշունչ ցրտին, մարդիկ ամբողջ ընտանիքով, մեծով-փոքրով այցելության են գնում, և վերջ չկա այդ երթին…

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, ինչո՞ւ եք լաց լինում, չէ՞ որ սա հրաշալի երևույթ է և պատիվ է բերում մեր ժողովրդին…

ՄԱԵՍՏՐՈ.- Է՛հ, բալա ջան, միգուցե մեր ժողովրդին պատիվ է բերում, բայց խիստ անպատվաբեր է մեր քաղաքային իշխանությունների համար:

ԹՂԹԱԿԻՑ.-Ինչո՞ւ, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.-Որովհետև, երբ փորձեցի իմանալ, թե ո՞րն է այս համընդհանուր ուխտագնացության պատճառը, քիչ էր մնում ինքնասպանություն գործեի: Պարզվեց՝ մարդիկ մշակույթի և այլազան հասարակական կազմակերպությունների օջախներ են մտել ընդամենը դրանց զուգարաններից օգտվելու համար, թե չէ ի՛նչ ընթերցանություն, ի՛նչ գիրք կարդալ… Մեղադրելու չէ, խեղճերն ի՞նչ անեին: Ախր, նրանց շենքերի կոյուղիները ոտքից-գլուխ սառել են: Խողովակները՝ տրաքվել, կեղտաջրերը տներն էին լցվում… Այնպես որ հենց եղանակները տաքանան, լեփ-լեցուն դահլիճները նորից կդատարկվեն…

ԹՂԹԱԿԻՑ.-Լավ, Մաեստրո, փոխենք թեման: Ժողովուրդն ասում է՝ տարին ինչպես սկսեցիր, այնպես էլ կշարունակես մինչև տարեվերջ: Ինչպե՞ս սկեցիք տարին:

ՄԱԵՍՏՐՈ.-Ամբողջ Նոր տարին անցկացրել եմ թոռանս համար տոնածառի որոնումների մեջ, մինչև հիմա որոնում եմ… Սա նշանակում է, որ 2003 թվականն ինձ համար լինելու է ստեղծագործական որոնումների տարի: Իսկ տոնածառի մասին ես անտիպոեզիայի ոգով մի ոտանավոր եմ գրել, որի առաջին հրապարակման իրավունքը սիրով տրամադրում եմ ձեզ:

 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Խիստ հրաման իջավ վերից՝

Ձեռք քաշեցեք անտառներից,

Այսօրվանից որպես նմուշ,

Տոնածառից անցած վերհուշ,

Հրապարակում կենտրոնական

Կզարդարենք մենք տոնական

Մի տոնածառ չափազանց մեծ,

Ճյուղից կախված ոչխար ու էծ,

Որովհետև Նոր տարի է,

Իսկ տարին էլ ոչխարի է,

Շուկայական մեր կարգերում

Ոչխար պահենք, էծ շենքերում,

Միս, բուրդ կտա ոչխարը քեզ,

Տոնածառից ի՞նչ խեր ունես:

Դե՛, նետիր դեն եղևնին շուտ

Խոտ ու դարման առ, ժողովուրդ…

ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, իսկ հիմա անդրադառնանք օրվա, ես կասեի՝ առաջիկա բոլոր օրերի, կարևորագույն խնդրին: Հանրապետության բոլոր թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը աղմուկ են բարձրացրել, որ Մաեստրոն գտել է պաշտոնատար անձանց՝ նախագահների, ԱԺ պատգամավորների ընտրության ամենալավագույն, ամենաօբյեկտիվ տարբերակը: Ինչքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը:

ՄԱԵՍՏՐՈ.-Հարցը շատ օգտակար է և տեղին: Աշխարհի լուսավոր և առաջադեմ մտածողների թվում ես էլ եմ շատ խորհել այդ խիստ դժվարին խնդրի շուրջ: Եվ իսկապես, ահա, մեզ են ներկայացվել նախագահության բազմաթիվ թեկնածուներ, որոնցից շատերին ժողովուրդը բացարձակապես չի ճանաչում, առաջին անգամ է լսում անուններնու տեսնում դեմքերը: Իսկ առանց ճանաչելու ինչպե՞ս ընտրես: Չէ՞ որ կոլխոզի նախագահ չենք ընտրում, այլ՝ հանրապետության նախագահ, որից է կախված լինելու մեր բոլորի ճակատագիրը…

ԹՂԹԱԿԻՑ.-Բայց չէ՞ որ այդ թեկնածուները հանդես են գալիս իրենց ծրագրերով, պատմում են իրենց կենսագրությունը…

ՄԱԵՍՏՐՈ.-Իսկ ես ի՞նչ իմանամ, ճի՞շտ են խոսում, թե՝ ոչ: Այլ բան է խոսքը, այլ բան՝ գործը:

ԹՂԹԱԿԻՑ.-Իսկ մեկ-երկու ամսում ինչպե՞ս իմանանք նրանց գործը և ընդհանրապես, ով լինելը՝ խորությամբ… Եվ հիրավի, թեկնածուներից շատերը տարիներ առաջ մեծ-մեծ խոստումներով ընտրվեցին ԱԺ պատգամավոր, իսկ ահա, անցել է 4 տարի, և այդ խոստումները պարզապես քաղցր հուշի են վերածվել… Ո՞րն  է ելքը, Մաեստրո: Մի՞թե հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ճանաչել թեկնածուին խորությամբ:

ՄԱԵՍՏՐՈ.-Հնարավոր է: Եվ այդ ելքը ես գտել եմ: Ավելի ճիշտ՝ մեզանում գյուտի հեղինակը պարոն Ալֆրեդն է, բայց ես այդ գյուտը զարգացրել եմ և հիմնավորել: Ուրեմն, ինչպես արդեն հասկացք, խոսքը վերջերս վերակենդանացած «Ալֆրեդի սենյակը» հեռուստախաղի մասին է: Ելքը ո՞րն է. մեկ, կամ ավելի լավ է՝ երկու ամսով «Ալֆրեդի սենյակում» ենք հավաքում բոլոր թեկնածուներին, բացառությամբ գործող նախագահի, որին ժողովուրդն արդեն ճանաչում է: Իսկ խաղն ընթանում  է սովորական հունով: Սակայն ես մտածել եմ խաղի նոր կանոններ ու թեստեր, որոնք առայժմ գաղտնի եմ պահում: Ամբողջ ժողովուրդը հեռուստատեսությամբ կուսումնասիրի թեկնածուներին և համաժողովրդական քվեարկությամբ խաղից հերթով կհանի նրանց, ովքեր չեն դիմանա քննությանը: Վերջում կմնա մեկը, որն էլ կդառնա հիմնական թեկնածուն և իրավունք կստանա հավակնել նախագահի պաշտոնին:

ԹՂԹԱԿԻՑ.-Հանճարեղ է: Մաեստրո, իսկ գոնե միայն ինձ չէ՞իք ասի Ձեր մշակած խաղի կանոններից ու թեստերից մեկը, խոստանում եմ գաղտնի պահել:

ՄԱԵՍՏՐՈ.-Լավ, եթե խոստանում ես, մեկը կասեմ. Պարոն Ալֆրեդն անորոշ ժամանակով կանջատի էլեկտրական հոսանքը: Եվ մենք ամբողջ ժողովրդով կհետևենք, թե թեկնածուներից ո՞ր մեկն առաջինը կփորձի լևի լույս քաշել հարևան շենքերից: