32. ՆՈՐ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ ՌԵՊՈՐՏԱԺ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ- ՄԱԵՏՐՈՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 2030 թ. ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Առաջին փորձնական թռիչքը դեպի ապագա, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ վեց ամիս առաջ՝ դեպի 2025 թվականի Հայաստան: Երկրորդը՝ դեպի 2030 թվականի Հյաստան տեղի ունեցավ վերջերս, որին դարձյալ մասնակցելու էր հրավիրված Մաեստրոն, և որին խնդրել էին, ի թիվս մյուսների, գաղտնի պահել թռիչքի մասին լուրերը մինչև փորձի հաջող ավարտը: Ու թեև այդ փոքրիկ խումբը, Մաեստրոյի հետ միասին, ընդամենը մի շաբաթ մնաց 2030 թվականի Հայաստանում, սակայն տպավորությունները, համոզված եմ, կտևեն տարիներ: Մաեստրոն հիմա աշխատում է «2030 թվականի Հայաստան» գրքի վրա, ուր նա մանրամասնորեն ներկայացնում է իր տպավորությունները: Իսկ այսօր, որպեսզի դուք, սիրելի ընթերցողներ, պատկերացում կազմեք այդ շրջանի Հայաստանի մասին, օգտվելով իր հետ վերցրած թերթերից, որոնք լույս են տեսել Հայաստանում 2030 թվականի հուլիսի 1-ից մինչև 7-ը ներառյալ, նա կներկայացնի այդ մամուլում հրապարակված տեղեկատվությունը:

-Ուրեմն, ի՞նչ են գրում թերթերը. գրեթե բոլոր թերթերի առաջին էջերը ծավալուն հոդվածներ են տպագրել հոբելյանական և այն խանդավառ միջոցառումների մասին, որոնք նվիրված էին Եվրախորհրդարանից Հայաստանի վտարման 25- ամյակին: Հրապարակված էին Սադամ Հուսեյնի, Ֆիդել Կաստրոյի, հանգուցյալ Կիմ Իր Սենի, Բեն Լադենի շնորհավորական ուղերձները:

Կարևոր տեղ է հատկացված հոկտեմբերի 27-ի դատավարության վերսկսմանը, որն ընդհատվել էր դատավոր Սամվել Ուզունյանի թոշակի անցնելու և վկաներից վերջինի բնական մահով մեռնելու կապակցությամբ:

Լրագրողների ուշադրությունից չի վրիպել քննչական խմբի հայտարարությունը, ուր խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկա երկու-երեք տարում անպայման կբացահայտվեն շուրջ  27 տարի առաջ իր բնակարանի մոտ զոհված Պետհամալսարանի դասախոս Կարեն Մկրտչյանի դավադիր սպանության մասնակիցները:

Թերթերը մանրամասնությամբ անդրադարձել են հանրապետության նախագահի այցելությանը աղետի գոտի, ուր, չնայած իր խորացած տարիքին, Ռոբերտ Քոչարյանն իր դողդոջուն ձեռքերով է նորակառույց բնակարանների բանալիներ հանձնել վերջին տնակներից ազատագրված աղետյալների ծոռներին…

Պաշտոնական լուրերից հիշարժան է Լեռնային Ղարաբաղի խնդրով Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, հանդիպում, որը թեև ծրագրված էր մեկ ժամ, բայց տևեց 5 ժամ և կարող էր ավելին տևել, եթե տագնապած թիկնապահներից մեկը ներս չմտներ հանդիպասրահ և չարթնացներ ծերունական խոր քուն մտած նախագահներին: Պետք է նշել, որ արթնանալուն պես մեր նախագահը սրտանց շնորհավորել է Հեյդար Ալիևին՝ վերջինիս ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

2030թ. մամուլի համառոտ տեսությունը Մաեստրոն ավարտում է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի բավականին մտահոգիչ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է. «Այն ցավալի դեպքից հետո, երբ Ռուսաստանը կտրականապես հրաժարվեց 10 միլիոն դոլար պարտքի դիմաց վերցնել կոշկակար Գերասի կրպակը, և այլևս ոչինչ չունենալով հանձնելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ստիպված են մոտ օրերս հարձակվել Թուրքիայի վրա, գրավել Կարսի տարածքում գտնվող մսի կոմբինատն ու «Լազաթ» հյուրանոցը՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով մեր բարեկամ պետությանը հանձնելու համար»: