23. ՔՐՋԻ ԲԱԶԱՐ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Արվեստասրահի այսօրվա զրույցը նվիրված է Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացման խնդիրներին:Մաեստրոյի հյուրերն են երաժիշտ և երաժշտագետ տիկին Անթառամն ու նկարիչ, արվեստաբան պարոն Բենեդիկտը: Դիմելով տիկին Անթառամին.

  ՄԱԵՍՏՐՈ.- Տիկին Անթառամ…(Տիկին Անթառամն անհաղորդ աջ և ձախ է նայում, Մաեստրոն շփոթահար ժպտում և նորից է դիմում) Տիկին Անթառամ, ի՞նչ կարող եք ասել ներկա դժվարին պայմաններում հայկական երաժշտության զարգացման  մասին (Տիկին Անթառամը շարունակում է ուշի-ուշով ուսումնասիրել շրջապատը: Մաեստրոն ջղայնանում է) Տիկին Անթառամ… Այ, կնի՜կ, քեզ հետ եմ…

Պարոն Բենեդիկտը թեքվում է Մաեստրոյի ականջին.

ԲԵՆԵԴԻԿՏ.- Մաեստրո, իզուր եք ջղայնանում, տիկին Անթառամը լավ չի լսում, ի ծնե խուլ է, բարձր խոսեք և ականջի մեջ…

ՄԱԵՍՏՐՈ (գոռալով) .- Տիկի՜ն Անթառամ…

ԱՆԹԱՌԱՄ.-  Հաջա՜ն…

ՄԱԵՍՏՐՈ.-  Հաջան ու քեզ զուռնա՜…

ԱՆԹԱՌԱՄ.- Այո, դուք շատ ճիշտ գուշակեցիք, երիտասարդ, զուռնան իմ ամենասիրելի գործիքն է… հատկապես երբ փչում են ականջիդ մեջ…

ՄԱԵՍՏՐՈ.-   Տիկին Անթառամ, ազգային երաժշտությունն այսօր քիչ թե շատ գոյատևում է՝ թաղումների և հարսանիքների շնորհիվ, մեզ հատկապես մտահոգում է դասական երաժշտության վիճակը, դուք, օրինակ, հաճախ եք լսում Թաթայի ստեղծագործությունները, ես պարզապես հմայված եմ նրա «Ո՞վ է նա» կանտատայով, որը հեղինակը նվիրել է Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին…

Տիկին Անթառամը շարունակում է իր խոսքը.

ԱՆԹԱՌԱՄ.- Զուռնան բուն հայկական ործիք է և պատահական  չէ, որ նրա անունը հաճախ է շոշափվում մեր գրականության մեջ…

ՄԱԵՍՏՐՈ.- Տիկին Անթառամ, խնդրում եմ անդրադառնաք դասական երաժշտոււթյան  վիճակին:

ԱՆԹԱՌԱՄ.- Հիշենք մեծ Չարենցի տողերը. «Կուզեմ հըմի փչե զուռնեն ու քեֆ էնենք մինչև էգուց…»:

ՄԱԵՍՏՐՈ (գոռում է Անթառամի ականջի մեջ).- Այ կնի՜կ, դասական երաժշտությունից խոսիր, Թաթայի՜ց…(Ականջի մեջ սկսում է երգել)… Ո՜վ է նա, ո՜վ է նա (նույնը մյուս ականջին երգում է պարոն Բենեդիկտը, իսկ տիկին Անթառամը ոգևորված շարունակում է… Մաեստրոն ձեռքով ինչ-որ բաներ է հասկացնում խմբագրության աշխատակիցներին, երկու հոգի մոտենում են տիկին Անթառամին, թևերն ընկած տանում, իսկ վերջինս շարունակում է խոսել):

  ԱՆԹԱՌԱՄ.- Իսկ մեկ այլ հայ մեծ բանաստեղծ, Հովհաննես Թումանյանը իրավացիորեն նշում է. «Զուռնչին փչեց կոխի եղանակ, ահել ու ջահել իրարով անցան…» (Տիկին Անթառամին վերջապես դուրս են տանում, և Մաեստրոն թեթևացած շունչ քաշելով դիմում է հանդիպման մասնակիցներին):

ՄԱԵՍՏՐՈ.- Հարգելի բարեկամներ, ինչպես տեսաք՝ խուլից մի կերպ պրծանք, իսկ հիմա անցնենք քոռին…

Պարոն Բենեդիկտը տեղից վեր է թռնում սպառնալից բարձրացնելով գավազանն ինչ-որ բոլորովին այլ ուղղությամբ և հենց այդ ուղղությամբ էլ բղավում է.

ԲԵՆԵԴԻԿՏ.- Լակո՜տ, խի՞  էս ինձ վիրավորում:

ՄԱԵՍՏՐՈ.- Հանգստացեք, պարոն Բենեդիկտ, ինձ չգիտես ինչու, թվաց թե դուք էլ եք վատ լսում (Պարոն Բենեդիկտը նստում է): Լավ, անցնենք նկարչությանը, որի հմուտ մասնագետներից մեկն ու մեկն եք դուք, թե՛ որպես նկարիչ, և թե՛ որպես տեսաբան: Մեր նախնական զրույցում դուք հայտնեցիք, որ նկարչությամբ ակտիվորեն սկսել եք զբաղվել քոռանալուց, կներեք, տեսողությունդ անմիջապես կորցնելուց հետո…

ԲԵՆԵԴԻԿՏ.- Այո, մեկուկես տարեկանում, տեսողությունս կորցնելուց հետո, ցերեկները փող էի հավաքում, իսկ իրիկունները զբաղվում նկարչությամբ…

ՄԱԵՍՏՐՈ.- Մի այսպիսի անհամեստ հարց՝ ինչպես կարելի է առանց տեսնելու նկարել:

ԲԵՆԵԴԻԿՏ.- Ո՞վ աաց, որ չեմ տեսնում…

ՄԱԵՍՏՐՈ.- Դուք հենց նոր ասացիք:

ԲԵՆԵԴԻԿՏ.- Հա՞… Շատ լավ էլ տեսնում եմ, հոգու աչքերով եմ տեսնում, հոգու… Ուզո՞ւմ  ես, ստուգիր:

ՄԱԵՍՏՐՈ.- Ո՞նց ստուգեմ:

ԲԵՆԵԴԻԿՏ.-Մոտդ փող կա՞…

ՄԱԵՍՏՐՈ.- Ասենք թե…

ԲԵՆԵԴԻԿՏ.- Դե տուր, ասեմ՝ ի՞ննչ փող է, ինչքան է, գույնն էլ ասեմ:

Մաեստրոն գրպանից հանելով, մի թղթադրամ  է տալիս:

ԲԵՆԵԴԻԿՏ.- 500 դրամ է, կանաչ… Դոլար չունե՞ս:

ՄԱԵՍՏՐՈ.- Չէ… դե լավ, էս մեկն էլ ստուգիր (1000 դրամանոց է տալիս):

Պատմությունը կրկնվում  է, Բենեդիկտը ճիշտ է դուրս գալիս, հաղորդավարը հուզված ծափահարում է, ամբողջ դահլիճը ոտքի կանգնած բուռն ծափահարում է:

ՄԱԵՍՏՐՈ.- Չե, ես պարտվեցի, իսկապես հոգուդ աչքերը լավ էլ տեսնում են: Իսկ հիմա անցնենք մեր խնդիրներին. Ի՞նչ գնահատական կարող եք տալ մեր այսօրվա գեղանկարչությանը…(հանկարծ հիշում է)… Հա, պարոն Բենեդիկտ, խնդրում եմ փողերը վերադարձնեք…

ԲԵՆԵԴԻԿՏ (խիստ զարմացած).- Ի՞նչ փող…

ՄԱԵՍՏՐՈ (շփոթահար).- Այ մարդ, հենց նոր ես քեզ 1000-անոց ու 500-անոց չտվեցի՞, որ ասեիր…

ԲԵՆԵԴԻԿՏ.- Իյա՜, դու հո շառ չե՞ս…

ՄԱԵՍՏՐՈ.- Պարոն Բենեդիկտ, կատակեցինք պրծանք, վերադարձրու փողերը և շարունակենք մեր զրույցը…

ԲԵՆԵԴԻԿՏ.- Այ տղա, ի՜նչ փող, ես եկել եմ այստեղ արվեստից, նկարչությունից խոսելու…

ՄԱԵՍՏՐՈ.- Նախ փողերը տուր, հետո արվեստից ու նկարչությունից կխոսենք…

ԲԵՆԵԴԻԿՏ (դիմելով սրահում հավաքվածներին).- Այ, սիրելի ժողովուրդ, հիմա համոզվեցի՞ք, որ ոչ մեկին արվեստն ու մասնավորապես նկարչությունը չեն հուզում, նախ փող են ուզում, որ հետո արվեստից ու նկարչությունից խոսեն… Տո, բա եղա՞վ… ամեն տեղ է էսպես… Փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ… էս պայմաններում էլ ի՜նչ արվեստ, ի՜նչ նկարչություն, ի՜նչ զահրումար…