59. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ…

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Ինչպես արդեն հայտնի  է, այլոց թվում նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է ներկայացրել նաև «Քրջի բազար» բացարձակապես անպատասխանատու կազմակերպության նախագահ Թալեաթ Փաշայանը:  Մաեստրոն հրավիրել է հարգարժան թեկնածուին՝ նրա  նախընտրական ծրագրին ծանոթանալու նպատակով:

 

ՄԱԵՍՏՐՈ.- Պարոն Փաշայան, ինչպես հայտնի է, Հայաստանը գտնվում է ծանր դրության մեջ:

ՓԱՇԱՅԱՆ.- Սխալվում եք, Մաեստրո, Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, կարճ ասած՝ Անդրկովկասում: Իսկ ծանր դրությունն ինքն է գտնվում Հայաստանում:

ՄԱԵՍՏՐՈ.- Ինչևէ, Ձեր շնորհիվ մենք տեղեկացանք, որ մեր երկիրը գտնվում է Անդրկովկասում, իսկ  ծանր դրությունը գտնվում է մեր երկրում: Բարեգործական ճաշարանում Ձեզ հետ մեր զրույցից իմացա, որ մեր ժողովրդին ծանր դրությունից հանելու ելք եք գտել:

ՓԱՇԱՅԱՆ.- Ելքը շատ պարզ է: Ծանր վիճակը գտնվում է երկրում, ճի՞շտ է, և ինչպես պարզ դարձավ վերջին տասը տարիներին, այդ ծանր վիճակը մեր երկրից դուրս հանելու ոչ մի հնար չկա: Ուրեմն ի՞նչ ենք անում – ծանր վիճակը թողնում ենք երկրում, ժողովրդին դուրս ենք հանում երկրից: Ի միջի այլոց, դրա համար երկրից դուրս գալու կարիք էլ չկա՝ պարզապես բոլորից թաքուն փոխում ենք երկրի անունը:

ՄԱԵՍՏՐՈ.- Ինչպե՞ս:

ՓԱՇԱՅԱՆ.- Ասեմ, ուսումնասիրենք, թե մեր հարևան երկրներից որ մեկն է հարմար: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենահարմարը Վրաստանն է: Մի ժամանակ ես մտածում էի Ռուսաստանի և Բելառուսի մասին, բայց հիմա տեսնում, որ նրանք էլ իրար հետ շուն ու կատու են դարձել, համ էլ հեռու են ու ցուրտ: Վրաստանը շատ հարմար  է՝ մեզ կպած է, ծով ունի հերիք չի՝ մանդարինն ու նարինջն էլ են ծով, կեր, խմիր, քեֆ արա: Ուրեմն, վերցնում ենք քարտեզը, Հայաստանը սուսուփուս ջնջում՝ տեղը գրում ենք Վրաստան: Հարցը լուծվեց:

ՄԱԵՍՏՐՈ.- Ախր, վրացիների վիճակն էլ մի բան չի…

ՓԱՇԱՅԱՆ.- Ճիշտ է, բայց մերը լավ է լինելու: Բացատրեմ: Տեսեք, թե ավելորդ բաների վրա ինչքան փող ենք ծախսում, օրինակ՝ մեր ինչի՞ն է պետք Ազգային Ժողովը, կամ կառավարությունը մեր ինչի՞ն է պետք: Էսքան նախարար, փոխնախարար, նախագահ, փոխնախագահ, բանակ… էս բոլորը  գիտե՞ս ինչքան ծախս է նստում մեզ վրա… հլա հաշվիր, է՜, թե էդքան փողով ինչքան ապրանք կառնեինք:

ՄԱԵՍՏՐՈ.- Բա մեր ազատությունն ու անկախությունը…

ՓԱՇԱՅԱՆ.- Չհասկացանք, ի՞նչ է, Վրաստանն ազատ ու անկախ երկիր չի՞:

ՄԱԵՍՏՐՈ.- Ասենք թե…

ՓԱՇԱՅԱՆ.- Որ մենք սուսուփուս Վրաստանին միանանք, սուսուփուս էլ չե՞նք օգտվի նրանց ազատությունից ու անկախությունից: Իհարկե, կօգտվենք: Առանց մի կոպեկ ծախսելու Ազգային Ժողով, նախագահ, վարչապետ ու բանակ կունենանք: Խնայված փողերով էլ, գիտե՞ս, ինչքան ապրանք կառնենք: Բա, վրացուց էլ լավ կապրենք: Հիմա հասկացա՞ր իմ ծրագրի իմաստը:

ՄԱԵՍՏՐՈ.- Բա մեր հայությունը, ազգությունը կորցնե՞նք: Էսքան տարի պահել ենք, հիմա կորցնե՞նք:

ՓԱՇԱՅԱՆ.- Այ մարդ, կորցրու գնա: Դու գիտե՞ս, թե էդ հայ լինելու վրա ինչքան փող է ծախսվում: Ապա հաշվիր, թե ինչքան փող է գնում հայկական դպրոցները պահելու վրա, հարյուր-հազարից ավելի ուսուցիչ կա, բա դասագրքե՞րը, ո՞ւմ են պետք… Էդքան փողով գիտե՞ս ինչքան ապրանք կանես: Խի, ընչի՞, վրացերենը վա՞տ լեզու ա՞, շենի ճիրիմե, գենաց վալե… Էրեխեքին սուսուփուս կմտցնենք վրացական դպրոցներ՝ վրացիների հաշվին, նրանց ուսուցիչներով, դասագրքերով ձրի ուսուցում կստանան, մենք էլ էդ ազատված փողերով համ ապրանք կառնենք, համ էլ կուտենք, կխմենք, քեֆ կանենք… Հետո էլ, ախպեր ջան, էսքան ժամանակ հայ լինելուց ի՞նչ խեր ենք ստացել, հլա քո պատմությանը նայիր. Անընդհատ կռիվ դավի հեռու-մոտիկ հարևանների հետ, իսկ էդ կռիվները, գիտե՞ս, ինչքան փող են նստել մեզ վրա, հլա հաշվիր, թե ինչքան ապրանք կառնեինք:

ՄԱԵՍՏՐՈ.- Ձեր ասելով պիտի հրաժարվենք մեր ազգից, գնանք ուրիշ ժողովրդի, ուրիշ խալխի ծառայե՞նք…

ՓԱՇԱՅԱՆ.- Այ մարդ, վերջ տվեք ազգայնամոլությանը: Մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մի բան գիտեր, որ Վրաստանը չէր թողնում գալիս Հայաստան… Հետո, դու Սունդուկյանին հարգո՞ւմ ես: Տե´ս, թե էդ մեծ ազգասերը ի՞նչ ա ասել. «Գնա´, Պեպո, գետինը լիզե, խալխի ոտները պաչ արա…»: Մարդն ասել ա, չէ՞: Բա էլ ինչի՞ եք սպասում: Գնացե´ք, լիզեք, պաչ արե´ք, գլուխներդ պահեք… Էս ա իմ ծրագիրը: Համաձայն չեք՝ գնացեք սոված սատկեք: