ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Ծնվել եմ առավոտյան շուտ,

լենինականյան մի աղքատիկ առավոտ:

Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,

երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել

և անտարբեր նայում էր

մեր մոլորված ընտանիքին,

որը մեկ ժպտում էր

և մեկ լալիս էր սրտակեղեք:

Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,

ոչ ոք չի խոսում նրա մասին,

քրոջս, որին ի~նչ էին տեսել.

ընդամենը մի քանի ժամ՝

ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ:

Միայն ե՛ս չեմ կարողանում մոռանալ

և երբեմն

արթնանում եմ վաղ առավոտյան սրտիս ցավից

և աչքերս թաց

մթության մեջ պառկած,

օր առ օր վերհիշում եմ

այն ինը ամիսները,

որ միասին ապրել ենք

մեր կյանքի լավագույն շրջանում…

[sharify]