Բոլորովին սխալ է մտածել,
թե արձանների ցանկությամբ է կիտվել
ձյան շերտը նրանց վրա:
Կամաց-կամաց թող կատարվի այն ամենը,
ինչ որ պատահելու է մի օր ինձ հետ:
Բոլորովին սխալ է մտածելը, թե դժբախտություն է դա:
Ճիշտ ժամանակին չեկած երջանկությունը խանգարում է
մեր կյանքի կանոնավոր երթը, և մենք ստիպված
խառնում ենք մեր բոլոր դարակները,
որտեղ պահված են արդեն դեղնած նամակներ,
արդեն դեղնած թաշկինակներ, խամրած լուսանկարներ
և բազմաթիվ լուցկու հատիկներ:
Եվ պետք է պահպանել հերթականությունը,
պետք է գտնել բաց տեղը, որտեղ որ պետք է դրվի
ճիշտ ժամանակին չեկած երջանկությունը:
Այս ամենը մեզանից շատ երկար ժամանակ է խլում,
որովհետև մենք նստում և մտածում ենք
անցած-գնացած բաների մասին, տրամվայների մասին,
արցունքների մասին, կապույտ աչքերով կատուների մասին:
Այս ամենից հետո պարտադիր է լուսամուտից դուրս նայելը:
Իսկ լուսամուտից այն կողմ խորհրդավոր պուրակն է:
Այնտեղ են բոլոր նստարանները, և այնտեղ են բոլոր արձանները
նրանք բոլորն էլ
ձյան հաստ շերջով են պատված:
Բոլորովին սխալ կլիներ մտածել, թե այդպես է,
որովհետ այդպես նրանք են ցանկացել:
Եվ դու վերջապես ծխախոտ ես վառում: