ԻՍԿ ԵՐԲ ՁՅՈՒՆ ԵԿԱՎ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Իմաստուն խոսելու կարոտը քեզ խոցեց անվերադարձ

և դու քայլեցիր կռացած:

Գավառական փոքրիկ քաղաքը քեզ ոչինչ չսովորեցրեց,

նա իր թարմ կաթն էր մատուցում ճշտապահորեն՝

առավոտյան և երեկոյան:

Իսկ երբ ձյուն եկավ, դու բոլորովին սենտիմենտալ դարձար:

Դեռ մանկուց հակում կար քո մեջ

անբացատրելի տխրությունների, թախծի սահուն ելևէջների

և անկյունային գոյության հրաշքների նկատմամբ:

Իսկ երբ ձյուն եկավ, դու ուզեցիր հիշել անցյալդ

գոնե մի ծխախոտի համար,

այդ ամենը դու ուզեցիր՝ հենց երբ ձյուն եկավ:

Գավառական փոքրիկ քաղաքը

ծաղկազարդ սոնետի է նման,

իզուր բաների համար այնտեղ երկար չեն ծափահարում,

այլ ժպտում են քթի տակ

և թատրոն են գնում հսկայական ընտանիքներով:

Եվ գրավաճառը հին շլյապան գլխին ուղիղ դրած

հրավիրում է քեզ խոսելու դեսից-դենից:

Իսկ դու լուռ սեղմում ես նրա ձեռքը,

կորած հիացմունքով

համեմատում իջնող ձյունը կաթի հետ

և հրաշքով փրկվելով գրավաճառի կենսուրախությունից

նետվում ես փողոց և քայլում կորացած

ծաղկազարդ սոնետի տողերի երկայնքով:

[sharify]