Առավոտը օրվա ամենասքանչելի մասն է:
Ես ինչպես կարող եմ չսիրել առավոտը:
Օրվա մանկությունը՝ մաշկը թարմ, թմբլիկ ոտիկներով ու թաթիկներով,
ահա վազվզում է ցողաթաթախ կանաչների վրայով,
և նրա աներևակայելի քաղցր ճիչերից
հոգիդ կարող է մարել վերջնականապես…
Դողդողացող ձեռքով ետ տար վարագույրդ,
և արևի լույսը թող մտնի
թախծալուր հուշերի սարդոստայնով ամբողջովին պատված
ծակուծուկը սենյակներիդ,
և ուրվականները ծանր հոգոց քաշելով կելնեն նստած տեղերից
և դանդաղ քայլերով դուրս կգան սենյակից:
Առավոտը օրվա ամենասքանչելի մասն է:
Ետ տար վարագույրդ, և կերևա օրը ծայրեծայր,
ավտոբուսի կանգառներով, պաղպաղակի կրպակներով,
հանդիպումներով ու բաժանումներով,
գարնանային ծառերով, որոնց տերևները թարմ են ու կանաչ
և միանման, ինչպես թարմ ու կանաչ երեքնոցներ…
Այսքանից հետո դու ինչպես կարող ես չսիրել առավոտը:
Ահա այսպես, համարձակ,
տար դողդողացող ձեռքդ վարագույրին,
ևս մի քիչ
և կտեսնես այն, ինչ
երազել ես ամբողջ գիշեր՝ փակ ու տառապած աչքերով,
կտեսնես լույսը՝ մաշկը թարմ, թմբլիկ ոտիկներով ու թաթիկներով,
ահա վազվզում է ցողաթաթախ կանաչների վրայով
և նրա աներևակայելի քաղցր ճիչերից
հոգիդ կարող է մարել վերջնականապես…