ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Երբեք չմեռնես, – մահվան մահճում

թախանձագին հորդորում էր ինձ հայրս:

Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝

ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է

մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,

երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,

և մի կին պատշգամբում

պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,

հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու

մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,

հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև …

Հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,

և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը

լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,

այնուհետև՝ աշխարհով մեկ

և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում

և ավելի է թանձրանում դառնությունը…

Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, –

խնդրեց հայրս վերջին անգամ

և փակեց աչքերը:

[sharify]