- Ձմռան հիշողության ինչ-որ մի հեռավոր ծալքի մեջ
տրամվայի ցուրտ զրնգոցն արթնացավ:
Հիմա ոչ ոք չի հարցնում,
թե ո՞վ էր քնում պուրակում
օրվա բոլոր ժամերին
և թե ո՞ւմ կիսացնորված կինն էր,
որ անվերջ խնդրում էր
հանգցնել ցերեկվա լույսերը,
որովհետև իր ամուսինը
չի սիրում քնել լույսերը վառ սենյակում,
մանավանդ, եթե մի քիչ խմած է,
և հետո լռում է միանգամից,
թեև այդ պահին ճակատագրական սխալներ էր որոնում
հեռու գնացող մտքերի մեջ:
Ինչ գեղեցիկ է մեռնում ձմեռն այս ժամին:
Տրամվայի ցուրտ զրնգոցն իմ դեմ բացում է դանդաղորեն
լույսերով ու ջերմությամբ ողողված
տների հմայքը անկրկնելի
և բոլոր դռների առաջ,
գլուխը կախ, մեղավոր ժպիտը դեմքին
կանգնած է մեր բոլորի մեռած ընկերը,
որի անունն արթնացավ
ձմռան հիշողության
ինչ-որ մի հեռավոր ծալքի մեջ
տրամվայի անակնկալ զրնգոցից: