Եվ փոշու միջից հանելով երկու կապույտ աչքերը
հնավաճառի բծախնդրությամբ զննում էի՝ աստված իմ,
այս ինչքան արագ աշունը հեռացավ:
Ինձ բոլորովին դուր չի գալիս
այս արագ հասունացումը…
Թերթը թերթի վրա՝
տխրեցեք ինչքան ուզում եք:
Երկու կապույտ աչքեր – երկու դեղին տերև,
առավոտյան տրամվայի զրնգոց՝ աստված իմ,
այս ե՞րբ սառեց կաթը
և ծխախոտը հանգեց:
Սատկած կատուների դրախտային երամ:
Մեղավորների աչքերը փակ են ծնված օրից:
Թերթը թերթի վրա՝ լացեք ինչքան ուզում եք:
Եվ փոշու միջից հանելով երկու կապույտ աչքերը,
աշխուժորեն շփում եմ ձեռքերս ու կպնում եմ գործի,
բերում եմ փայտերը, մեխերն եմ բերում,
իսկ հետո մուրճը ամենավերջում:
Եվ նախքան ամենամեծ արարողությունն սկսելը
ծունկի եմ իջնում
և աղաղակում եմ իմ խռպոտված ձայնով.
– Փրկյա ինձ, ամենատես…
Եվ սպասում եմ մի քիչ և հետո նորից գոռում.
– Փրկյա ինձ, ամենահաս…
Ես սպասում եմ նորից ու նորից
և կանչում հուսահատ ու լալագին.
– Փրկյա ինձ, ամենա… սեր…
Ու հանկարծ հնչում է կիթառը –
Օ, չկա մոռացում,
իզուր,
իզուր է այս ամենը,
թերթը թերթի վրա՝ աղաղակեք ինչքան ուզում եք:
Երկու կապույտ աչքերը ժպտում են նենգորեն՝
նրանք վաղուց են ձանձրացել
այս ամենօրյա ներկայացումից…