Եթե դու ինչ-որ տեղ կաս
և եթե գիտես պատմությունը սկզբից մինչև վերջ,
և եթե դու տեսնում ես ցավից ծամածռվող իմ դեմքը,
ուրեմն ես ապահով կարող եմ լռել
և տանել դառարկ օրերիս ծանրությունը:
Հիշարժան փաստերը վաղուց մոռացվել են,
և հիացմունքից էլ չեն դողդողում ձեռքերս…
Քո գալու համար
բոլոր մանրամասները նախապատրաստված են,
և մարմինս վարժել եմ
անսպասելի դեպքերից
աննկատ փոխվելու:
Ահա ես նորից փողոցում եմ
և նորից արևի հովանավորության տակ:
Շենքերը այլևս ինձ հույս չեն տալիս,
իսկ սուրճը ինձ համար անդարձ կորած է:
Բոլոր անկյուններից աչքեր են նայում,
պետք է կարծել, թե դրանք քո աչքերն են:
Մենակությանը այնպես եմ վարժվել,
որ վաղուց նրան դու-ով եմ դիմում:
Իսկ դու մի քայլիր տառապածի պես,
դրանից երբեք թեթև չես զգում…
էլ ինչ է մնում…
գուցե ինչ-որ բան մոռացա ասել,
բայց արդեն մեկ է, ասել թե չասել:
Բառերն ատելի բարեկամներս են,
անտանելի են դարձել ինձ համար:
Բայց առանց նրանց չեմ կարող ապրել…
Ահա ես նորից փողոցում եմ
և կրկնում եմ պատմությունը
սկզբից մինչև վերջ: