Մինչ կարապները վերջին երգ երգելով բազմացան
ու լցրեցին աշխարհը եղերական փետրավորներով,
դինոզավրերը լռելյայն վերացան առանց երգ ու նվնվոցի,
ինչպես իսկական տղամարդուն է վայել`
լեզուն ատամների տակ ամուր սեղմած:
Ամառ-ձմեռ սև կոստյումներով անթրաշ քեռիներս
իրար ետևից հեռացան այս աշխարհից:
Առաջինը հայրս և ապա հորեղբայրներս (ամառ-ձմեռ սև
կոստյումներով, անթրաշ) հեռացան:
Ամեն շաբաթ մորս հետ եկեղեցի գնալիս տեսնում էի նրան`
կարապի երկար – բարակ վզով ու կտուցի պես ցցված դնչով,
սև ակնոցով կույր ծերունուն,
որ գավազանը սալահատակին թխթխկացնելով անցնում էր
զարմանալիորեն արագ ու անսայթաք քայլվածքով:
– Հեռավոր ազգական է հորդ կողմից, հորիցդ շատ մեծ է,
բայց տեսնո՞ւմ ես` ինչ աշխույժ է մեռածը,- ամեն հանդիպելիս
հիշեցնում էր մայրս, հենց այդ պահին
թողնելով ձեռքս, սև ռեդիկյուլի ծալքերում
թաշկինակը որոնելու նպատակով: Թաշկինակը սովորաբար
չէր գտնում, բայց գտնում էր քթախոտը
և մի պտղունց քաշելով քիթը, շարունակում էինք քայլել,
և ամբողջ ճանապարհին մայրս փռշտում էր: – Չարը խափանվեց,-
բարձրաձայն կրկնելով ու խաչակնքելով երեսը:
Հայրդ ինձ մի ռուբլի է պարտք,- եկեղեցու շեմին
թևիցս քաշեց կույրը, երբ արդեն անցել էր հազար տարի`
և ես բոլորովին միայնակ էի մնացել
ավերված քաղաքի փլատակների մեջ: Ես նրան հինգ ռուբլի
տվեցի և փորձեցի հեռանալ, իսկ նա արագորեն
գրպանեց թղթադրամն ու թեև կույր էր, զգաց, որ հեռանում եմ.
– Միևնույն է, հայրդ ինձ մի ռուբլի է պարտք,
և դու էլ ես պարտք և քո զավակների զավակները…-
Ես գլուխս քաշեցի ուսերիս մեջ և արագացրի քայլերս…
– Դուք բոլորդ էլ ինձ պարտք եք,- գոռում էր կույրը
գավազանը թափահարելով օդի մեջ:
Եվ ավերված քաղաքի միակ կարապը, որ անշարժ նստած էր
զանգակատան գլխին, դժկամորեն բացեց աչքերը
աղմուկից արթնացած և հանկարծակի սկսեց
իրար ետևից փռշտալ` ամբողջ մարմնով ցնցվելով…
– Չարը խափանվեց, – առանց ետ նայելու երեսս
խաչակնքեցի, արագացրի քայլերս առանց ետ նայելու: