ՍՈՆԱՅԻ ՆՈՐ ԽԱՂԸ

Պոեզիա > ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Խաղալիքներն է շարել

իրար կողքի՝ հատակին

և ո՞րտեղից է ճարել

մոր խալաթը՝ մեծ ու հին:

Եվ կանչում է՝ շո՛ւտ, եկե՛ք,

նոր խանութ եմ ես բացել,

մի ամաչեք, համեցեք,

տեսեք ինչ եմ ստացել:

Դե, հայրիկ ջան, արի մոտ,

ի՞նչ ես ուզում, շուտ ասա,

լավ ծխախո՞տ… ծխախո~տ…

ափսո~ս, հենց նոր վերջացավ…

Հերթը հասավ, տատիկ, քեզ,

ի՞նչ եմ տալու՝ տաս հատ ձո՞ւ,

կոտրվա՞ծ են, չջոկես,

գնա շուկա՝ չես ուզում …

իսկ պապիկ, քեզ՝ մարմելա՞դ,

իսկ մայրիկին՝ կաթ, մածո՞ւն,

իսկ քույրիկին՝ շոկոլա՞դ…

… Բանկաներ չե՛մ ընդունում,

իսկ շոկոլադ, մարմելադ

չի մնացել ոչ մի հատ…

Դե, հիմա էլ գնացեք,

բողոքեցեք ում կուզեք…

Զոռո՞վ եմ ձեզ հանելու,

ախր, ոնց չեք հասկանում՝

ընդմիջում եմ անելու…

 

Պապիկն էլ չդիմացավ,

ասաց՝ չեղավ, չէ՜, չեղավ,

Սոնա, այս ի՞նչ ես անում՝

խաբում, հետո դուրս հանում …

Սոնան շատ է զարմանում,

Ու ասում է, – այ պապիկ,

բա խանութներում էլ ուրիշ,

ուրիշ էլ ի՞նչ են անում…

[sharify]