- Ես՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս,
իրավունք ունեմ պետական գործիչների հետ
միասին արթնանալ վաղ առավոտյան,
վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ,
որպեսզի արևը ծագի արևելքից,
ամպերը շարժվեն քամուն համընթաց
և թռչունները երգեն պատուհանիս տակ
նույն երգը, որի մեղեդին ու տեքստը
հաստատվել են համաժողովրդական հանրաքվեով…
- Ես իրավունք ունեմ շրջելու քաղաքի բոլոր
փողոցներով, առավել խրախուսական տարբերակը
ոտքովն է, բայց ես իրավունք ունեմ
բոլոր նրանց մասին, ովքեր շրջում են մերսեդեսներով,
ԲՄՎ-ներով և զանազան այլ ջիփերով,
ազատորեն արտահայտել կարծիքս մտովի,
թեև առավել տարածված տարբերակը
բարձրաձայն հայհոյելն է…
- Ես իրավունք ունեմ անարգել նայելու
ռեստորանների, բարերի, կազինոների պատուհաններից
ներս, հիանալու նրանց սքանչելի ինտերիերով,
կահույքով… Վարագույրի արանքից հետևելու,
թե ինչպես է զվարճանում քաղաքական,
տնտեսական, մի խոսքով՝ քրեական էլիտան,
իսկ երբ նրանք ևս, օգտվելով սահմանադրությամբ
իրենց ընձեռված իրավունքից,
ինձ հեռու քշեն թիկնապահների օգնությամբ –
ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ
վերաբերմունքը գոռգոռոցով, թեև առավել
ընդունելի տարբերակը գլխահակ հեռանալն է…
4.Վստահ եմ, որ պետությունն ապահովելու է
ծերանալու իմ իրավունքը, և վստահ եմ,
որ կյանքիս վերջին օրերն ապահով կանցկացնեմ
նրա հովանավորած ծերանոցներից որևէ մեկում,
և վստահ եմ, որ ինձ իրավունք է վերապահված
թաղվել ծերանոցի անծայրածիր
բակի ետնախորշերից մեկում, երբ գա ժամանակը
օգտվելու իմ ամենակարևոր իրավունքից՝
ապրե՞լ, թե՞ մեռնել, և ես, անշուշտ, կընտրեմ մեռնելը,
թեև առավել տարածված տարբերակը
սատկելն է…