ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Եվ մի գիշերում

Ճերմակեցին բոլոր տանիքները քաղաքի

Ու բոլոր փողոցներն ու ծառերը:

 

Հեքիաթային ու զարմանալի այս օրվա վերջում

Պիտի հրաշք լինի.

Անխուսափելի պիտի մեծանանք մենք՝ բոլորս.

Եվ մեր դպրոցի տարեց պահակը,

Որը կարծես թե

Մեծանալու էլ ցանկություն չունի,

 

Եվ փոքրիկ տղան մեր հարևանի,

Որն էլ հույս չունի, որ կմեծանա,

Դպրոց կգնա,

Ու այդ պատճառով

Չար-չար է նայում բոլոր մեծերին:

 

Պիտի մեծանան ծառերը անգամ

Ու անտառները հեռավոր ու մոտ,

Եվ գազանները, որ անուն ունեն,

Ու նաև նրանք, որոնք դեռ չունեն…

 

Եվ թող այս գիշեր,

Ինչ որ լինում է, շատ ուրախ լինի,

Ձյան փաթիլների, քամու երգի հետ

Թող ուրախություն իջնի քաղաքի

Մայթերի վրա,

Ծառերի վրա

Ու անտառների՝ հեռու և մոտիկ:

Եվ նա մեզ մոտ՝ աշխարհի վրա,

Թեկուզ մի գիշեր,

Որ մեզ բոլորիս՝

Տարեց պահակի,

Փոքրիկ տղայի,

Ձյունոտ ծառերի,

Անտառների հետ՝ մոտ ու հեռավոր,

Գազանների հետ, որ անուն ունեն

Եվ նաև նրանց, որոնք դեռ չունեն,

Մեծանա նա էլ՝

Խաղաղությո՜ւնը …

[sharify]