ՄԻ  ՕՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ծանր է գրպանահատների, մանր ու մեծ ավազակների

և զանազան այլ ստահակների կյանքը շուկ. հարաբերություններ

թևակոխած  երկրներում.

ունևորները շրջում են ավտոներով ու թիկնապահներով

և հնարավոր չէ

մոտենալ նրանց գրպաններին,

նրանց տները մտնելն էլ խիստ վտանգավոր է,

զինված թիկնազորն է հսկում ամենուրեք:

Իսկ մյուսների և գրպաններն են դատարկ, և տները…

Միակ ելքը ցույցերին ու միտինգներին մասնակցելն է,

որոնք բարեբախտաբար շատացել են վերջին շրջանում

և որոնք սովորաբար ավարտվում են

խանութների ու կրպակների ավերումով:

Այստեղ էլ վտանգավորն այն է, որ պիտի

քար առողջություն ունենաս`

ժամերով անձրևի ու ձյան տակ, ցրտին ու տապին տնկվելու,

բոլորի հետ «Կորչիˉ» և «Կեցցեˉ» ամբողջ

կոկորդով գոռալու համար:

Բայց էլ սարսափելին ճառերն են, որոնք պարտավոր ես լսել,

որոնք տևում են ժամեր, որոնք տևում են անվերջ,

և հուսահատությունից, դառնությունից ու տաղտուկից

մի օր սիրտդ կարող է մարել, մի օր սիրտդ կարող է պայթել,

մի օր կարող է մինչև հոգուդ խորքը զզված թքես ու հեռանաս

ավերից ու թալանից և հատկապես

պայքարից քաղաքական:

[sharify]