ԼԵՖԻԿԻՆ
Ե՞րբ էին երկնքի դռները
բաց եղել այսպես լայնորեն:
Թավշյա սուգ է տարածված
հովիտներով ու լեռներով:
Երկնային ճանապարհը աղավնիներով
ու սոնետներով է հյուսված ծայրեծայր:
Գնում է ահա հովվապետը
ծերունական դողդոջ քայլերով:
Իսկ հետևից կաղին տալով շտապում է բանաստեղծը,
ստեպ-ստեպ բարձրացնելով
վիթխարի սև գլուխը`
տագնապով ու մտահոգ նայելով առաջ`
հանկարծ չփակվե՞ն դռները
և դրսում մնա սովորականի պես…
Անհավատալի բան.
առաջին անգամ հյուրընկալորեն բացված
լայն դռներ է տեսել իր առջև…
Եվ թեկուզ հենց միայն դրա համար
արժեր մեռնել այս կյանքում`
առաջին, և ի՞նչ իմանաս,
միգուցե վերջին անգամ: