ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Եվ քանի որ յուրաքանչյուր մարդ պիտի սիրի ինչ-որ մեկին

և պիտի օրվա ընթացքում ինչ-որ մի տեղ գնա,

նրանք որոշել են ինձ սիրել, նախ, որովհետև

ես կարողանում եմ ուշադիր լսել նրանց,

և հետո իմ սենյակում վարագույրներ կան կախված

և հաճելի կիսախավար է օրվա բոլոր ժամերին.

և ահա, գալիս են հերթով,

հազվադեմ է պատահում, որ միասին գան.

– ո՞վ գիտե, երևի պայմանավորվում են իրար հետ-

և ահա, հերթով նրանք գալիս են ինձ մոտ,

հարմար տեղավորվում են աթոռի վրա,

հարմար դիրք են գրավում,

հարմար դիրք եմ գրավում նաև ես,

և նրանք սկսում են պատմել,

թե ինչքան վատ են զգում,

թե ինչպես է ամեն ինչ գնալով վատանում,

թե ինչքան վատ է երկնքում և երկրի վրա,

թե ինչքան վատ է հյուսիսում և հարավում,

թե ինչպես վատ է դրսում և հատկապես ներսում,

թե ինչպես է ամեն ինչ գնալով ավելի ու ավելի վատանում,

ավելի ու ավելի, ավելի ու ավելի,

ավելի վատանում, ավելի ու ավելի…

Եվ ես լուռ լսում եմ նրանց

ու նայում եմ ուշադիր, թե ինչպես է թույնը

եռում նրանց աչքերի մեջ և հետո ինչպես է սկսում

դուրս ծորալ` դանդաղորեն հոսելով աթոռների ոտներն ի վար,

սկսում կաթ-կաթ կուտակվել դույլերի մեջ, որ ես

հատուկ հարմարացրել եմ աթոռների ոտների տակ:

Իսկ երբ նրանք հեռանում են` հերթով, ինչպես որ եկել էին,

դույլերի մեջ կուտակված թույնը խնամքով լցնում եմ

նավթավառի մեջ

և ստացվում է աշխարհի ամենատաք նավթավառը,

որի վրա, հավատացեք, սուրճը եփվում է

կայծակի արագությամբ:

[sharify]