Օտար քաղաքների մարդիկ նման են անբուժելի
հիվանդների, որոնց աչքերին խուսափում ես նայել,
որ չմեխվեն, չմնան հիշողությանդ մեջ,
որ տարիներ շարունակ
չտանջեն քեզ իրենց անբուժելի ցավով:
Օտար քաղաքների վրա ծանր երկինք է կախված
նույնիսկ պայծառ եղանակներին,
իսկ գիշերներն ուրիշ աստղեր են փայլում
խորթ անուններով:
…Մեղավորի պես կանգնած եմ ահա
ինչ-որ անանուն օվկիանոսի մոտ, բոբիկ ոտքերով,
և ավազներն ինձ հրում են` գնա,
իսկ ջրերը ինձ կանչում են` արի
և խեղդվիր արագ
այս օտար, այս խորթ
տառապանքի մեջ: