Այն, որ տոնը մոտենում է, բոլորից շուտ
զգում են երեխաները, ինչպես որ մոտալուտ
երկրաշարժն են զգում ձկները, թռչունները, իսկ
օձերը հորդառատ վտառներով դուրս են թափվում
իրենց բներից, հայտնվելով նույնիսկ մարդաշատ
փողոցներում, սարսափի մատնելով միշտ
սարսափի մատնվելու պատրաստ տիկնանց,
ճզմվելով նախ սայլերի և ապա, ժամանակներ անց,
մեքենաների անիվների տակ:
Հանկարծ չքնեք,- զգուշացնում են երեխաներին
մեծահասակները և խառնիխուռն համբուրում են
նրանց թշերը,- հանկարծ չքնեք, բան չմնաց,- և
հուզված անցնում են սենյակից սենյակ,
անճանաչելիորեն փոխված դեմքերով և նույնիսկ
քայլվածքով, իսկ երեխաները սսկվում են անսովոր
հանդիսավորությունից, աշխատում են հեռու
մնալ, ոտքի տակ չընկնել, և աչքի տակով հետևում են
գնալով արագացող եռուզեռի ընթացքին,
չափազանց սուր զգալով, որ իսկապես բան չմնաց,
ևս մի քանի րոպե – ուր որ է հանկարծ լռություն կիջնի,
բոլորը միանգամից կհարձակվեն նրանց վրա
մոլեգնորեն կհամբուրեն թշերը
և կտանեն քնելու: