Աշնանային մի տխուր երեկո դեմ-դիմաց հանդիպեցին իրար
երկու հակառակորդ զինվոր`
ամեն մեկն ուներ իր գեներալը, ամեն մեկն ուներ իր հրացանը,
որին նրանք այնքան վարժ էին տիրապետում:
Դեմ-դիմաց նրանք փորում էին իրենց խրամատները, որպեսզի
այնտեղից ճշգրիտ նշանառությամբ կրակեն իրար վրա,
ահա թե ինչու նրանք ջանասիրաբար խրամատ էին փորում`
և խորն էին փորում,
և խորն էին փորում…
Գեներալները սկզբում ոչինչ չէին կասկածում,
նրանք միայն հրամաններ էին արձակում,
նրանք միայն ծխում էին իրենց ծխախոտները
և միայն թշնամական հայացք էին երբեմն նետում թշնամու վրա,
բայց գեներալները հիմնականում ոչինչ չէին կասկածում:
Իսկ երբ գլխի ընկան, թե բանն ինչ է, արդեն բավականին
ուշ էր և ամեն ինչ կորած էր –
զինվորները շատ խորն էին փորել խրամատները,
նրանք չափազանց խորն էին փորել խրամատները,
և շարունակում էին փորել,
և շարունակում էին փորել…
Գեներալները գոռգոռում էին. «Դուրս եկեք, վախկոտնեˉր»,
ոտքերը խփում էին գետնին. «Դադարեցրեˉք փորելը»
և չէին մոռանում թշնամական հայացք երբեմն նետել թշնամու վրա:
Հետո, երբ տեսան ամեն ինչ իզուր է,
նրանք բարձրաձայն լաց եղան
և տեղացին անպարկեշտ հայհոյանքներ,
ջանասիրաբար ընտրելով բառերը: