Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ հղելով մայր ժողովրդին, Մաեստրոն միաժամանակ հայտնեց, որ իր ձայնը տալու է գործող նախագահին և ժողովրդին նույնպես խորհուրդ տվեց հետևել իր օրինակին:
Տարեվերջի իմ եզրափակիչ զրույցը Մաեստրոյի հետ տեղի ունեցավ Դավիթաշենի նորաբաց, տոնականորեն զարդարված բարեգործական ճաշարանում: Մաեստրոն հանգիստ վայելեց իր առաջինը, ապա երկրորդը և միայն այն պահին, երբ նա ձեռքը երկարեց կոմպոտին, հարմար գտա նրան ուղղել առաջին հարցը:
ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, մի քանի օր հետո կավարտվի տարին: Ինչո՞վ բացատրել, որ մեր թերթում գրողները նյութեր են հրապարակել, որոնց մեջ պատմում են, թե ով ինչպես է սկսել իր գրական գործունեությունը
ՄԱԵՍՏՐՈ.-Նախաձեռնությունն իմն է, եյդ ես եմ նրանց առաջարկել վերադառնալ իրենց արմատներին՝ ամենա-ամենասկզբին: Ի վերջո, չէ՞ որ Նոր տարի նշանակում է նոր տողից, այսինքն՝ սկզբից, իսկ գրողի սկիզբն այն օրն է, երբ նա առաջին անգամ թղթին է հանձնում իր մտքերը, հենց այդ օրվանից էլ սկսվում է նրա կենսագրությունը, և ոչ թե ծննդյան օրվանից: Իմ այս առաջարկով ես նրանց հնարավորություն տվի վերհիշել, թե ինչքան մաքուր, բարի, ազնիվ ու անկեղծ էին նրանք սկսելիս: Ես համոզված եմ, որ երբ նրանք իրենց ներկան ու անցյալը կհամեմատեն իրար հետ, սարսափով կբացականչեն՝ ի՛նչ էինք, ի՛նչ դարձանք… Այո, ես նրանց բացառիկ հնարավորություն եմ տվել նոր տարին սկսել՝ դառնալով այնպիսին, ինչպիսին ամենասկզբում էին…
ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, իսկ Դո՞ւք ինչպես եք սկսել:
ՄԱԵՍՏՐՈ.-Գրականագետ Ան. Դադարյանն իմ գրական նախամուտի մասին ծավալուն աշխատություն ունի, որի մեջ մասնավորապես կան այսպիսի մտքեր. «Մաեստրոն իր ստեղծագործական առաջին իսկ քայլերից ձգտել է յուրացնել իր մեծ նախորդների նվաճումները»: Եվ սա, կարելի է ասել, լիովին համապատասխանում է իրականությանը, և միայն Ան. Դադարյանը չէ, որ դրվատանքով է խոսել իմ այդ կարևոր առանձնահատկության մասին: Դեռևս վաղ դպրոցական տարիներին, երբ մեր քաղաքի թերթում տպագրեցի իմ նշանավոր
Երազումս մի մաքի,
Մոտս եկավ հարցմունքի…
Այժմ արդեն հանրահայտ քառյակը, տեղի քննադատներից մեկը չուշացրեց արձագանքը և հենց նույն այդ թերթում մանրակրկիտ հոդված տպագրեց՝ ապացուցելով, որ ես յուրացրել եմ մեծն լոռեցու ստեղծագործական ժառանգությունը… Իսկ հետո հերթը հասավ Իսահակյանի, Չարենցի, Տերյանի ժառանգությունների յուրացմանը… Ահա, այսպես եմ սկսել, այսպես է կայացել Մաեստրոն:
ԹՂԹԱԿԻՑ.-Մաեստրո, ավարտվում է ձիու տարին, և մտնում ենք ոչխարի տարվա մեջ, մեր ժողովուրդն ի՞նչ սպասելիքներ ունենա այդ առիթով:
ՄԱԵՍՏՐՈ.-Դե ի՞նչ ասեմ, մեր ժողովուրդը, որի տարերքը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է, առանձնակի սպասելիքներ չպիտի ունենա ոչխարի տարուց, իսկ, այ, ոչխարի տարին շատ հաջող է լինելու եզդիների համար, թեև նրանց համար, հաջողության տեսակետից, բոլոր տարիներն էլ ոչխարի են…
ԹՂԹԱԿԻՑ.-Մեր զրույցի ավարտին անդրադառնանք Ձեր հայտնի հայտարարությանը: Մաեստրո, գալիք նախագահական ընտրություններում Դուք իսկապե՞ս Ձեր ձայնը տալու եք գործող նախագահին:
ՄԱԵՍՏՐՈ.-Այո, ես թաքցնելու ոչինչ չունեմ, կրկնում եմ, որ ես անգործ մարդկանց չեմ սիրում և իսկապես գալիք ընտրություններում ձայնս տալու եմ գործող նախագահին… Իսկ թե ո՞վ կլինի գործող նախագահը, պարզ կդառնա ընտրություններից հետո: