Թափահարեք ձեռքերդ` հրաժեշտի պահն է եկել,
մենք վաղուց էինք սպասում այս սքանչելի օրվան:
Նախանձելի է նրանց վիճակը,
ովքեր դեռ թաշկինակներ ունեն.
նրանք կթափահարեն թաշկինակները
և կստացվի բարեկիրթ տեսարան` աջ կողմում ծառեր,
որոնք մորթվելու պատրաստ ոչխարների հեզությամբ
գալիք ձմռանն են սպասում,
իսկ մնացած բոլոր կողմերում խավարն է,
այնքան թանձր ու մածուցիկ, որ կարելի է կտրել դանակով,
քսել հացին և ուտել` առավոտյան, կեսօրին և երեկոյան:
Թափահարե´ք ձեռքերդ, եթե ուժ մնացել է դեռ ձեր մեջ,
թափահարե´ք, պահը հուզիչ է չափազանց:
Անշուշտ, գերադասելի է նրանց վիճակը,
ովքեր չոր թաշկինակներ ունեն`
նրանք թաշկինակները կսեղմեն աչքերին
և այս անգամ կստացվի սրտաճմլիկ տեսարան` աջ կողմում
գնացքն է շփոթված կանգնած` ճամպրուկները ձեռքին,
մնացած բոլոր կողմերում երեխաներն են, որոնք դեռ չեն ծնվել,
և այլևս չեն ծնվի, եթե երկար չհամոզեք, որովհետև
ճանապարհին ծնվելն արգելված է խստորեն,
կա հատուկ հրաման` ինչ-որ կիսամեռ նախարարի ստորագրությամբ:
Թափահարեք ձեռքերդ` հե՜յ, ո՞վ մնաց ներքևում,
գոնե մի մարդ, որը դեռ կանգնում է ոտների վրա,
գոնե մի ձեռք ունենա և կարողանա բարձրացնել վեր…
Ե՞ս,
ես ի՞նչ, շուտով ես էլ կհեռանամ, հավատացեք`
Վերգիլիոսը վաղուց սպասում է ինձ`
լատիներեն-հայերեն զրուցագիրքը ամուր սեղմած թևի տակ
և մտահոգ գնում-գալիս է Բարձր լեռան փեշերին,
շուտ-շուտ ժամացույցին է նայում և գիտեմ, արդեն չի կասկածում,
որ ինձ կամ հովազն է խժռել, կամ առյուծը, կամ էգ գայլը
և սա ավարտն է իմ` անփառունակ ու ամենադաժան:
Լուսանում է: Ժամանակն է արդեն:
Վերջին անգամ գրկում եմ ինքս ինձ, ամուր սեղմում եմ կրծքիս,
ապա թփթփացնում եմ ուսիս: Եվ շրջվելով,
արագ քայլերով հեռանում: Ումի՞ց, ո՞վ-
հիմա արդեն դժվարանում եմ հիշել: