ՎԻԵՏՆԱՄ

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Տարին չանվանենք երջանիկ,

երկինքը կապույտ անսահման,

ցերեկը չկոչենք արթնացում

և ոչ էլ գիշերը խաղաղ:

Որովհետև դեռ պայթում են ռումբերը:

Մենք, որ կարողանում ենք քնել

հիշողություններիս աչքերը կապած,

չսիրահարվենք մայրամուտների անթերիությանը

և չհնարենք համեմատություններ կեղծ

ու պաթետիկ:

Որովհետև զնգում են կրակահերթերը:

Երբ արևելյան շեղաչք մի ժողովուրդ

գնդակահարվում է պարիսպների տակ,

այրվում փայտե խրճիթների մեջ,

և մեռնում դաշտերում բրնձի,

– Դժվարանում է գդալը բերանին տանելը,

և դառնում են անհեթեթ ու տաղտուկ

վեճերը փիլիսոփայական բարդ հարցերի շուրջ,

և իրենց իմաստն են կորցնում

դիսերտացիաները բժշկագիտական

և դեղատներում թախծող բանակը դեղերի:

 Իսկ այնտեղ մետաղի հասարակ մի կտոր

կործանում է դարեդար եկած

նրբացած ու փխրուն օրգանիզմը մարդու:

Ներելու համար ուժ է հարկավոր,

արտասվելու համար անչափ դառնություն,

սպանելու համար թուլությունն էլ հերիք է,

Իսկ ի՞նչ է հարկավոր այս ամենը մոռանալու համար՝

թող ոչ ոք չասի:

Փողոցներում սահում են

քաղաքակրթության նրբացած

գրաստները պսպղուն:

Թերթերը օտար ու անհասկանալի՝

լեցուն են շքեղ մարմիններով

և քաղաքական քաղցր ու սահուն

դարձվածնքներով.

Խմեցե՜ք կոկա-կոլա ինչքան հնարավոր է,

քնեցե՜ք անկողիններում փափուկ ու մեղկ,

իսկ երազներում փնտրեցեք

արդարացումը ձեր ցերեկի,

իսկ երազում գոնե տեսեք ձեր անթերի արտացոլումը

տանջամահ արվող մարդու

չափից դուրս լայն բացված

բիբերի հայելում:

Քամին հեռու հեռվից արյան հոտ

ու հառաչանք է բերում:

Ես նախանձում եմ ու ատում եմ նրանց,

ովքեր ապրում են պատուհանները փակած,

ովքեր տարին անվանում են երջանիկ,

երկինքը կապույտ անսահման,

ցերեկը կոչում են արթնացում,

իսկ գիշերները քնում խաղաղ:

[sharify]