Այն ինչ չտվեցի քեզ,
այն ինչ չուզեցիր վերցնել,
այն ինչ չդարձավ միրգ,
ու վերջապես, այն ինչ չտվեցի քեզ
թող մնա իմ մոտ այսօր, վաղը,
թող մնա իմ մոտ առհավետ:
… Հանդարտ ու սահուն ընթանում է
առավոտվա արարողությունը:
Այն ինչ խմորվում է հիմա իմ մեջ
գերեզմանաթմբիս կդառնա ծաղիկ, վարդ
կամ գուցե բոլորովին ուրիշ բան՝
սենտիմենտալ ու եղերական մի բույս,
իր թերթերով, տերևներով և վերջապես
ցողունով,
որը անպայման կզարմացնի գիտությանը
իր հոտով, ձևով,
որը անպայման կզարմացնի գիտությանը
իր գույնով:
… Կարճատև է արևի իշխանությունը
սրտերի վրա:
Այն ինչ դու չուզեցիր ստանալ որպես խոստում,
ահա ես այրում եմ և նետում տարբեր
ուղղություններով, իհարկե սոսկալի տանջվելով
ցավերից ու վշտից:
Իսկ մենակության հրաշալիքները կամաց-կամաց
պարզվում են իմ դեմ
և ես մի կերպ ուղղում եմ մեջքս, ոտքերս,
և ես մի կերպ ուղղում եմ հայացքս:
… Գուցե լավ է, երբ երգը կեսից է ընդհատվում:
Ես լալիս եմ նրանց համար,
ովքեր չեն հասկանա այս խոսքերի իմաստը:
Ես լալիս եմ,
որովհետև վերջնական ու հավիտյան է
իշխանությունը գիշերվա:
Իմ ողբը շարունակվում է առանց ընդհատվելու,
որովհետև ես հիշում եմ հանկարծ,
որ այն ինչ չտվեցի քեզ,
որ այն ին չուզեցիր վերցնել,
որ այն ինչ չդարձավ միրգ,
խմորվելու է իմ մեջ անընդհատ ու անընդհատ
և գերեզմանաթումբս ծակելով նետվելու է դուրս
սենտիմենտալ ու եղերական ճիչով: