Ես գիտեմ՝
Կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը
և զարմանալով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին՝
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի, կօրորի գլուխը՝
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն
տնից,
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած՝
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…