Միայն մի սիրտ է լսում քեզ
ձյունե արձանների
անկյանք թագավորության հեռաստաններում:
Եվ միայն մի քամի,
որը դեռ չի որոշել
իր անելիքը:
Եվ սարսափից փշաքաղված մի ծառ
հանկարծակի եկած
ձմռան սառն ու ամուր գրկում:
Երակը բաց տարածված մի գետակ –
մարմինը սառչում է քիչ-քիչ:
Եվ դու՝
աչքերդ լայն բաց արած,
և սիրտդ,
որ տրոփում է ուժեղ,
և մի անտանելի լռություն,
որ ոտքի մատների վրա
մոտենում է քեզ
թիկունքից: