- Ես ինչպես մոռանամ քեզ –
ես, որ հիմա թափառում եմ
ապրողների և մեռնողների արանքում:
Ես, որ կիսով չափ հողի մեջ եմ:
Եվ ամեն անգամ,
երբ նորից տերևակալում են թևերս
և սրտիս միջից իր ցողունն է երկարում
թունավոր վառ գույներով ծաղիկն անանուն՝
ես մտածում եմ, թե էլ ե՞րբ եմ մոռանալու քեզ
և էլ ո՞րտեղ եմ մոռանալու,
երբ կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա քեզ
մոռանալու
և չկա ուրիշ
մի ուրիշ աշխարհ էլ հեռանալու…