ԵՎ ՆՈՐԻՑ ԽՈՍԵԼ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ՔԵԶ ՀԵՏ…

Պոեզիա > ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

Եվ լուսինը դարձյալ փորփրում են մարդիկ –

մեռած գեղեցկուհիներ են թափառում երկնքում,

փշրված թիթեռներ,

կոտրված հառաչանքներ,

լացող ուռիներ,

կորած նամակներ՝ գեղեցիկ, խնամքով

և հատ-հատ գրված բառերով լցված:

… Եվ նորից խոսել սիրո մասին քեզ հետ,

կարապները սահեն լճի հայելիով

և տավիղը նվագի անսահման քաղցր,

հոգի տանջող մի երգ:

Եվ կիջնի գիշեր,

ես կբռնեմ ձեռքդ – արձանի սառը ձեռքեր,

կնայեմ աչքերիդ – արձանի ձակ աչքեր

և կվազենք ամայի դաշտերի միջով:

Կոտրված հառաչանքները կսվվան խոտի պես,

լացող ուռիները մազերը կփետեն,

փշրված թիթեռները

կթափվեն ձյան նման

և մեռած գեղեցկուհիները

գլուխները խոնարհ

և աչքերը խոնարհ,

կպարեն անծայր տխրության մի պար.

շարժիր ձեռքեդ – արձանի սառը ձեռքեր,

բաց արա աչքերդ – արձանի փակ աչքեր:

… Եվ նորից խոսել սիրո մասին քեզ հետ,

սոված գայլի նման

դունչը անհույս պարզած երկինք,

արցունքները կթափվեն (միգուցե անձրև է գալիս

և կամ էլ քամին է ճոճում անտառը հեռավոր…):

Եվ քամուց դանդաղ ճոճվելով օդում

կորած նամակի դեղնած մի պատառի նման,

ծառի ճյուղերի մեջ կխճճվի լուսինը դեղնած

գեղեցիկ, խնամքով

ու հատ-հատ գրված բառերով լցված:

[sharify]