ԵՐԵՎԻ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Սիրով` Արփի Ոսկանյանին

Սովորական պատմություն է,- ասաց բազմաթիվ
աշուններ տեսած քաղաքացին, մարդկանց կոչ անելով
վերադառնալ տուն և թողնել ծառերն իրենց վշտի հետ…
Եվ հենց այդ պահին
հնչեց ձայնը զբոսայգու ամենախորքից.-
իրիկնային շքեղ արդուզարդով մի մանկամարդ տիկին,
ամենաբարձր ծառի ճյուղին նստած,
կանացի կրծքային ձայնով  սկսեց
անպարկեշտ հայհոյանքներ տեղալ
անցող-դարձողների, ինչպես նաև նրանց գլխին, ովքեր
հարգելի պատճառներով բացակայում էին քաղաքից:
Երևի քաղցա՞ծ եք,- հարցրեցին անցուդարձողները,
որոնք հավաքվել էին ծառի տակ,
Երևի ընդդիմադի՞ր եք,- հարցրեցին նրանք,
ովքեր հարգելի պատճառներով
բացակայում էին քաղաքից,
Երևի հղի՞ եք,- հարցրեցին սեռական
փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք
սովորաբար մեծամասնություն են կազմում
օրվա այդ ժամին անցուդարձողների մեջ,
Երևի քաղցած է, ընդդիմադիր է և հղի,- հաստատեցին
արագորեն տեղ հասած երբեմն գրական,
երբեմն կուսակցական մի խումբ գործիչներ, որոնք
համոզված են որ հայաստանի հատուկենտ ծառերի
ճյուղերին արդեն հասունացել է մի նոր սերունդ
և ժամանակն է, որ նրանք իջնեն ծառերից,
ուղղեն մեջքերը և քայլել սովորեն
և իրենց արժանի տեղը գրավեն
անհասկանալի է թե որտեղ…
Հետո եկավ քաղաքապետը
փողային նվագախմբով
և հրշեջ մեքենայով
և օրհներգի փառահեղ հնչյունների տակ հրշեջները
հանդիսավորությամբ ծառից
իջեցրեցին մանկամարդ տիկնոջը, որը շարունակում էր
անպարկեշտ հայհոյանքների տարափը…
Օրհներգի ինչպիսիˉ հրաշալի տեքստ է,-
հիացմունքով ունկնդրելով հայհոյանքները, շշնջաց
բազմաթիվ աշուններ
տեսած քաղաքացին
և հետո վախեցած նայեց չորսբոլորը,
խուճապահար նետվեց աշնանային տերևների շեղջի մեջ,
և ոտերն ու ձեռները կատաղի աշխատեցնելով
սուզվեց ու անհետացավ,
այլևս երբեք չվերադառնալու հաստատ մտադրությամբ…

[sharify]