ԶՐՈՒՑՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Զրուցում են փոքրիկները.

– Շատ մեղք են այս մայրիկները,

Տես, հենց մատս ցավի մի քիչ,

Կանչում եմ, մա՜, ցավեց մատս,

Իսկ նա կասի, բալիկ, ոչինչ,

Պաչիկ կանեմ, կանցնի՜ ցավը:

Կամ խնձոր եմ ուզում եթե,

Ի՞նչ եմ անում, կանչում եմ՝ մա~,

Իսկ նա կասի, ի՞նչ պատահեց,

Քաղցր խնձոր կտամ հիմա:

Բա որ շունն է հանկարծ հաչում,

Փախչում եմ ու կանչում եմ, մա~,

Իսկ նա տանից դուրս է թռչում,

Գրկում է ինձ,- մի՜ վախենա…

Իսկ որ նրանք խնձոր ուզե՞ն,

Կամ մատները նրանց ցավեն,

Կամ էլ շներն հանկարծ հաչեն,

Ախր նրանք ում մոտ վազեն,

Փոքրիկ հո չե՞ն, որ մա՜ կանչեն…

– Չէ, շատ մեղք են մայրիկները,-

Ու տխրում են փոքրիկները…

[sharify]