Երջանիկ ընտանիքն ապրում էր փակուղի քշված
վագոնի մեջ, որի ապակիները կոտրվել էին երկրա-
շարժից շատ տարիներ առաջ, երբ երկիրը չէր
շարժվում, չնայած պտտվում էր արեգակի
շուրջբոլորը:
Ի՞նչ ծրագրեր ունեք,- հարցրեց թղթակիցը, երբ
Յոթվերքի ղողանջները տարածվեցին հեռու-հեռվից,
և տնական օղին ու թթու դրած վարունգը հրաշալի
նատյուրմորտ ձևավորեցին չթե գունաթափ վարագույր-
ների ֆոնին, տկլոր սեղանի վրա, որի լայնք ու երկայնքով
տագնապահար վազվզում էին տանտիրոջ մազմզոտ
թաթերը` ահռելի սարդերի նման, մինչդեռ նրա
հայացքն ակնդետ հետևում էր վագոն ներթափանցած
ճանճին` նոր, անկրկնելի ուղիներ հարթելու ինքնամոռաց
նվիրյալին, որն ինչ-որ մտքեր է ուզում հաղորդել
անընթեռնելի հետագծով: Վագոնի շնորհիվ աղետից
փրկված բազմանդամ ընտանիքի բազում գլուխների
սինխրոն շարժումներից զգացվում է պարզ,
որ երջանիկ են և համախմբված ճանճի թռիչքով,-
տատը`անշարժ բազմած հումանիտար օգնության
վիթխարի արկղին, մայրը` ձեռքերի նազելի շարժումներով,
երկար իշոտնուկի եզրին կինը` տոնական օրվա առթիվ հարսանեկան քողը գլխին, և մի ամբողջ շարք
երեխաներ` բազմակետի նման շարված մոր կողքին….
Ի վերջո, վագոնը թեթևակի ցնցվեց, երբ անցան երկար
տարիներ, և կոտրված ապակիներից այն կողմ
տեսարանը սկսեց փոփոխվել, և դա նկատեց նույնիսկ
թղթակիցը, որի տեսողությունը զգալիորեն վատացել էր
տարիքի առաջացմանը զուգընթաց:
Շարժվեցինք, -բազմանշանակ ասաց տանտերն ու
շուրթերին տարավ բաժակը, որը լցված էր օղիով
դեռևս տարիներ առաջ:
Շարժվեցինք, – կրկնեց բազմանդամ ընտանիքը,
չկտրելով հայացքը ճանճի խոտորուն թռիչքից:
Շարժվեցինք,- կտրուկ ոտի թռավ թղթակիցն ու
հրաժեշտի համար համբուրեց տատի հնամենի
ճակատն ու չանթելով վարունգի բանկան սեղանից`
իրեն դուրս նետեց ճիշտ այն պահին, երբ հետզհետե
արագություն հավաքելով, ուր որ է, վագոնը
շարունակելու էր կանգնած մնալ իր տեղում: