Երջանիկ ընտանիքը ապրում էր փակուղի քշված վագոնի մեջ,
որի ապակիները կոտրվել էին երկրաշարժից շատ տարիներ առաջ,
երբ երկիրը չէր շարժվում,
չնայած պտտվում էր արեգակի շուրջբոլորը:
– Ի՞նչ ծրագրեր ունեք,- հարցրեց թղթակիցը, երբ
Յոթվերքի ղողանջները տարածվեցին հեռու հեռվից,
և տնական օղին ու թթու դրած վարունգը
հրաշալի նատյուրմորտ ձևավորեցին չթե գունաթափ
վարագույրների ֆոնին, տկլոր սեղանի վրա,
որի լայնք ու երկայնքով տագնապահար վազվզում էին
տանտիրոջ մազմզոտ թաթերը` ահռելի սարդերի նման,
մինչդեռ նրա հայացքն ակնդետ հետևում էր վագոն ներթափանցած
ճանճին`
նոր, անկրկնելի ուղիներ հարթելու ինքնամոռաց նվիրյալին,
որն ինչ-որ մտքեր է ուզում հաղորդել անընթեռնելի հետագծով:
Վագոնի շնորհիվ աղետից փրկված բազմանդամ ընտանիքի
բազում գլուխների սինխրոն շարժումներից զգացվում է պարզ,
որ երջանիկ են և համախմբված ճանճի թռիչքով,-
տատը`
անշարժ բազմած հումանիտար օգնության վիթխարի արկղին,
մայրը`
ձեռքերի նազելի շարժումներով,
երկար իշոտնուկի եզրին կինը` հարսանեկան քողը գլխին
տոնական օրվա առթիվ
և մի ամբողջ շարք երեխաներ`
բազմակետի նման շարված մոր կողքին….
Ի վերջո, վագոնը թեթևակի ցնցվեց, երբ անցան երկար տարիներ,
և կոտրված ապակիներից այն կողմ տեսարանը սկսեց փոփոխվել,
և դա նկատեց նույնիսկ թղթակիցը, որի տեսողությունը զգալիորեն վատացել էր
տարիքի առաջացմանը զուգընթաց:
– Շարժվեցինք,- բազմանշանակ ասաց տանտերն ու շուրթերին
տարավ բաժակը, որը լցված էր օղիով դեռևս տարիներ առաջ:
– Շարժվեցինք, – կրկնեց բազմանդամ ընտանիքը,
չկտրելով հայացքը ճանճի խոտորուն թռիչքից:
– Շարժվեցինք,- կտրուկ ոտի թռավ թղթակիցն ու հրաժեշտի համար
համբուրեց տատի հնամենի ճակատն ու չանթելով
վարունգի բանկան սեղանից`իրեն դուրս նետեց ճիշտ այն պահին,
երբ հետզհետե արագություն հավաքելով,
ուր որ է,
վագոնը շարունակելու էր կանգնած մնալ
իր տեղում: