Սև կամ սպիտակ աշխարհներ տանող ճանապարհների
շքեղ դարպասների առաջ
մարմարյա ոչխարներ են արածում, և խոտը ծնկահաս
կանաչ է և հյութեղ – ֆլամանդական դպրոցի անանուն
նկարչի հենց նոր ավարտած կտավ,
և ներկը դեռևս չի չորացել: Հրավիրյալների
միայն մեջքերն են երևում, իսկ ընթրիքը շարունակվում է
խորհրդավոր կիսախավարում ծածկված: Ամենուրեք
մահուդ, դավաճանություն, թանկարժեք քարեր և արծաթ,
և մի վիթխարի կատու, որի խոշոր ու կանաչ աչքերի մեջ,
ինչպես էլ.էներգիայի հաշվիչի էկրանին, կատաղի
պտտվում են թվերը և հասնելով իրենց սահմանին`
ջնջվում են ու նորից սկսում են պտույտն անվերջանալի…
…Ես ահա դիմում եմ Քեզ երևի թե վերջին անգամ,
և ինչքան գեղեցիկ է արձագանքում մայրամուտի
ջրհորի խորքերում` բառը «վերջին»,
ես ահա դիմում եմ Քեզ շքեղ դարպասների առաջ,
դեմքով շրջված դեպի հարավ, ուր, ինչպես ջրի մեջ
նետված շաքար, քիչ-քիչ հյուծվում են բուրգերը
փարավոնների, և ուր` անապատի հարթ ու անծայրածիր
էջի վրա ուղտերի քարավանն է շարվել
ինչպես մեքենագրված մի տող,
հեռու-հեռավոր մի տող, ընդամենը մի տող,
և ընդամենը մի կյանք, դեռևս չչորացած կտավի վրա,
որն ես ապրում եմ երևի թե վերջին անգամ,
իսկ կատվի անթարթ աչքերում կատաղի պտտվում են թվերը
և շուտով, շատ շուտով կհասնեն իրենց սահմանին,
և մատները կկախվեն թուլացած…