Ինձ կախեք եղևնու ճյուղերից,- իր կտակի մեջ
խնդրել էր ծերունազարդ բանաստեղծը վերջին շնչում,-
կամ գոնե թաղեք
Արարատի կատարին`ձյուների մեջ,
Թուրքիայից հեռու մի տեղ,
և քանի որ ես սարսափելի մրսկան եմ,
չմոռանաք տաք շորեր դնել հետս` …
Բայց շատ ավելի գերադասում եմ առաջին տարբերակը,
այսինքն եղևնին, ի վերջո, ինչու
նեղություն պատճառեմ մարդկանց, թեև,
չեմ կասկածում, նրանք ինձ շատ են սիրում,
և կանեն ամեն ինչ
վերջին ցանկությունս կատարելու համար…
Երեխաները կպտտվեն զարդարված եղևնու շուրջ,
կերգեն ու կպարեն, կարտասանեն
իմ բանաստեղծությունները
և հոգիս կփառավորվի և սառած մարմինս կտաքանա…
…Իշխանության ներկայացուցիչը, արցունքն աչքերին,
մակագրեց կտակի վերին եզրին` «Կատարել
սիրելի բանաստեղծի վերջին ցանկությունը
և նրան թաղել Սովետաշենի գերեզմանոցում` աղբանոցի
անմիջական հարևանությամբ, ուր, ի վերջո,
հայտնվելու էին
թե եղևնին և թե բանաստեղծը
ամանորի տոների ավարտին»: