Ասացվածքը, անշուշտ, պահանջում է քութեշի փոխարեն գրել ժանտախտ: Սակայն արդարությունն էլ իր հերթին պահանջում է չխեղաթյուրել իրականությունն ու չհեռանալ այն փաստից, որ ներկա շրջանում մեր հանրապետությունում ժանտախտի դեպքեր բարեբախտաբար դեռ չեն գրանցվել, իսկ քութեշի, ծաղիկի, խոզուկի, կարմրուկի և աղիքային զանազան տարափոխիկ հիվանդությունների` ինչքան ասեք: Իմ խորին համոզմամբ վերջին տեսակի հիվանդությունների կարգին պիտի դասել նաև այնպիսի սուր վարակիչ երևույթներ, ինչպիսիք են օպտիմալացումն ու շնորհանդեսը, որոնց` վերջին շրջանում աննախադեպ սպառնալիքի վերածված հորձանքը, ավելի ճիշտ` իններորդ ալիքը, կարող է իր տակովն անել, ջնջել ու սրբել այս քարքարոտ հողակտորի վրա մինչ այս մեծագույն դժվարությամբ ստեղծված բոլոր քիչ թե շատ երևելի արժեքները:
Օպտիմալացման վտանգների մասին արդեն շատ է գրվել ու խոսվել, հիմնականում` ապարդյուն և անհետևանք: Ժամանակն է երևի նույնքան ապարդյուն և անհետևանք պայքարի կոչ անել շնորհանդեսների դեմ, որոնց` չարիքի վերածվող վտանգավորությունն, ամենայն հավանականությամբ, չեն գիտակցում բոլոր այն հռետորները, ովքեր նախ բեմերից և ապա բանկետների սեղանի շուրջ ի լուր համայն հայոց աշխարհի հայտարարում են, որ վերջապես ծնվել է նա (խոսքն այդ օրվա հերոսին է վերաբերում), ով արժանիորեն կանգնելու է Նարեկացի – Չարենց – Վարուժան – Սևակ շարքում…
Հետաքրքիրն այն է` հասկանալով, որ այս շարքը համալրելու լիմիտն այլևս սպառված է, հաջորդ շնորհանդեսի հաջորդ հերոսի համար գծագրվում է համալրման նոր շարք` Սայաթ-Նովա – Թումանյան – Իսահակյան – Շիրազ… Կան նորօրյա երևելիներով լրացնելու բազում այլ շարքեր, զորօրինակ` Քուչակ – Մեծարենց – Տերյան – Սահյան, կամ ի՞նչ վատ շարք է` Դրասխանակերտցի – Ֆրիկ – Ալիշան – Սիամանթո… Ըստ չստուգված և ոչ այնքան հավաստի տվյալների` երբեմն գործը հասել է սուր վեճերի և նույնիսկ տուրուդմփոցների, երբ շնորհանդեսի հեղինակը, չբավարարվելով վերոնշյալ շարքերի պոչամասում տեղ գրավելու հեռանկարով, ցանկություն է հայտնել, եթե ոչ գլխավորել շարքը, ապա զետեղվել գոնե միջնամասերում… Հանճարեղ, տաղանդավոր, շնորհաշատ և մյուս գնահատականները բաշխվում են ըստ օրվա հերոսի խոստացած բանկետի հավանական ճոխության, իսկ բացառիկ դեպքերում, երբ նորընծա գրքի հեղինակը խոստանում է մինչև ուշ գիշեր ռեստորանային ճոխ կերուխում, նրան վերապահվում է ընտրություն կատարել` նարեկյան աստվածային ոգի՞ն է իրեն առավել վայել, չարենցյան հրեղեն շո՞ւնչը, թե՞ տերյանական լուսավոր թախիծը, և միգուցե այս բոլորը միասին, եթե հեղինակը խոստանում է քեֆից հետո հռետորին տուն հասցնել, գիշերվա ինչ ժամ ուզում է լինի… Առավել փորձառու քննադատներն ու առավել հեղինակավորները ձգտում են բեմ բարձրանալ միջոցառման սկզբնամասում` տեղյակ, որ մամուլի ներկայացուցիչները և հատկապես հեռուստալրագրողները արձանագրում են միջոցառման առաջին տասը-տասնհինգ րոպեն. աշխատանքի բնույթն է դա պահանջում, որովհետև նրանք պիտի հասցնեն հնարավորինս արագ տեքստը գրել ու մոնտաժել, մտցնել լրատվության առաջին բլոկի մեջ և վերադառնալ` բանկետից չուշանալու համար… Ինչ խոսք, պարսավելի ոչինչ չկա, եթե մտերիմներով հավաքվում են սեղանի շուրջ` մի-մի բաժակով շնորհավորելու ընկերոջ նոր լույս տեսած գրքի, նոր բացված ցուցահանդեսի, նոր ավարտած ֆիլմի, շահած մրցանակի և այլ ուրախ առիթներով: Պարսավելին հիմնականում համեստ արժեքների, համեստ կարողությունների տեր հեղինակների` այդ ուրախ առիթները համահայկական տոնախմբության ու ցնծության վերածելն է, որի ընթացքում ոտնատակ են արվում մեր անցյալ ու ներկա մեծերը, անհուսորեն խոշտանգվում արվեստի ու գրականության առանց այդ էլ խախուտ չափանիշները… Եվ սա կոչվում է շնորհանդես: Մինչդեռ վերոնշյալ հեղինակների ճնշող մեծամասնության ստեղծած «արժեքները» շատ ավելի տրամադրում են հոգեհանգստի ու հոգեհացի… Եվ եթե նմանօրինակ միջոցառումների ժամանակ պետք է խոսք ասել, ապա միայն արցունքոտ աչքերով և դուդուկի սգավոր մեղեդու նվագակցությամբ…
«Սատիրիկոն», 2004, 1 ապրիլի