ԿՈՐԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

1

Ես այլևս չեմ հիշում քեզ:

Ես բոլորովին չեմ հիշում քեզ:

Հիմա ուրիշ են արցունքները,

նրանք իրենք իրենց են գալիս,

հենց այնպես,

թեթև ու հեշտ:

Իսկ ժամացույցը, որն առավոտ է ցույց տալիս,

նման է քո անունին,

միակը, ինչ մնացել է քեզանից,

և ես նրանով եմ սկսում իմ օրը:

Բայց չէ որ դու կաս հիմա ինչ-որ մի տեղ,

դու խոսում ես ինչ-որ մեկի,

անծանոթ ու օտար մեկի հետ:

Ես քո ձայնը չեմ լսում՝

հազարավոր պատեր կան աշխարհում,

ամուր ու հուսալի պատեր,

որոնց ետևում մարդիկ միացրել են հեռուստացույցները

և ռադիոընդունիչները՝ բարձրաձայն ու բարձրաձայն,

որոնց ետևում քայլում են, զարթնում, ապրում,

ծիծաղում են ու լալիս՝ բարձրաձայն ու բարձրաձայն,

և ես չեմ լսում քո ձայնը:

Բայց ես գիտեմ, որ դու հիմա խոսում ես

երգող թռչունների, գունավոր ծաղիկների

և անձրևների մասին,

և չգիտես, բոլորովին չգիտես,

որ հազարավոր պատերից այն կողմ կա մեկը,

որի մի սովորական մեխից կախված է քո անունը,

և այդ անունը միայն առավոտ է ցույց տալիս:

Եվ կա մի հոգնած ու ձանձրալի մարդ,

որը այլևս չի արտասվում,

որովհետև հիմա ուրիշ են արցունքները,

նրանք իրենք իրենց են գալիս,

հենց այնպես,

թեթև ու հեշտ:

 

2

Ես թեքում եմ հայացքս դեպի ժամացույցը,

որը կեսօր է ցույց տալիս:

Ես հիմա կապրեմ իմ օրվա այն հատվածը,

որտեղ դու չկաս:

Ես դուրս եմ գալիս փողոց:

Դիմացի կրպակում լրագրեր են վաճառում,

ես գնում եմ մեկը

և դանդաղ քայլում դեպի այգին,

որտեղ գեղեցիկ կանայք են զբոսնում

իրենց երեխաների հետ:

Իսկ նրանցից ամենագեղեցիկը

շրջում է մենակ:

Այգում գեղեցիկ կանանց արձաններ կան,

իսկ նրանցից ամենագեղեցիկը

մերկ է բոլորովին:

Ես նստում եմ այդ արձանի մոտ,

դեմքս ծածկում եմ լրագրով

և թաքուն հետևում եմ նրան.

– Բայց չէ՞ որ դու նա ես,

ում ես այլևս չեմ հիշում,

ում ես բոլորովին չեմ հիշում,

ում ես նամակներ եմ գրում ամեն օր:

Հենց նա, որը նայում է բոլորին

և չի տեսնում նրան, ով միայն իրեն է նայում:

Հենց նա, որի անունն է մնում միայն

տարիներ հետո,

և ցավը, որը անուն չունի…

… Քաղաքում ոչ ոք չգիտեր, որ հիմա կեսօր է,

և դրա համար զարմանքով նայում էին

այգու վերևում կախված պայծառ արևին:

Սկսեցին լաց լինել երեխաները,

որոնց տուն էին տարել գեղեցիկ կանայք,

իսկ նրանք համոզում էին երեխաներին,

որ ուշ է արդեն, և քնելու ժամն է հիմա:

Եվ միայն նա, որը ամենագեղեցիկն էր

և որը շրջում էր միայնակ,

կծոտում էր շրթունքները,

շշնջում՝

ցավի մեջ աչքերը փակած.

– Աստված իմ, այս ինչ սարսափելի կեսօր է:

Այս ին սարսափելի կեսօր է, աստված իմ:

 

3

Ես այլևս չեմ հիշում քեզ:

Ես բոլորովին չեմ հիշում քեզ:

Ես հիմա

ընդամենը մի հոգնած ու ձանձրալի մարդ եմ,

որը հազվադեպ է տանից դուրս գալիս,

և որի հաճույքը միակ

իր հին ու բազմաթիվ ժամացույցներն են,

որոնք բոլորն էլ

տարբեր ժամեր են ցույց տալիս

և ինձ պահում են հավերժական անդորրի,

հավերժական անշարժության մեջ:

Իսկ երբ երեկ երեկոյան,

սովորականի նման ներս մտավ նա

ու սկսեց պատմել մեր անցյալի մասին,

երգող թռչունների, գունավոր ծաղիկների

և անձրևների մասին,

ես նրան ցույց տվեցի իմ ժամացույցները,

ես նրան պատմեցի քո մասին,

և հարցրեցի՝ գուցե տեսել է քեզ,

և հարցրեցի՝ գուցե հիշում է քո դեմքը,

ես նրան ասացի,

որ ինձ շատ բան պետք չէ՝

ընդամենը մի պատառիկ, մի բառ,

մի որևէ թել,

մի փոքրիկ մանրամասն…

Նա լուռ սեղմեց իմ ձեռքը,

նա լուռ հեռացավ՝ աչքերը խոնարհած ներքև:

Իսկ ես փնտրեցի ժամացույցներիցս այն մեկը,

որը խոր գիշեր էր ցույց տալիս,

և բացելով փեղկը,

պառկեցի նրա պատյանի մեջ

քնելու:

[sharify]