Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին,
հատկապես առավոտյան, արթնանալիս,-
և բավական չէ, որ ոչ մի խելքը գլխին
բացատրություն չես գտնի, այլև կփչանա
տրամադրությունդ, հնարավոր է երկար ժամանակով:
Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին
նաև գործի գնալիս, կամ որ նույնն է`վերադառնալիս,
և հեռու մնա այդ թեմայի շուրջ զրուցելուց ծանոթի
կամ մտերիմի հետ, եթե հանդիպես ճանապարհիդ,
և բավական չէ, որ խելքը գլխին ոչ մի բացատրություն
չեք գտնի ու արդարացում գոյությունն այսպես
քարշ տալու համար,
այլև կփչանա ոչ միայն քո, այլ նաև
ծանոթիդ ու մտերիմիդ տրամադրությունը,
ինչը կարող է փոխանցվել նաև նրանց
բանից անտեղյակ ընտանիքի անդամներին:
Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին, երբեք,
մանավանդ թատրոն կամ համերգ գնալիս,
և չփորձես այդ հարցի շուրջ զրույցի մեջ քաշել
արդեն բեմ մտնելու պատրաստվող դերասաններին
կամ
երաժիշտներին` վարագույրը բացվելուց առաջ, վստահ
եղիր, կտապալվեն թե ներկայացումը և թե համերգը,
և հանդիսատեսներն էլ քեզ հետ միասին
փչացած տրամադրությամբ կցրվեն դեսուդեն` այլևս
երբեք միմյանց չտեսնելու վճռականությամբ,
և ինչ իմանաս,
ինչ փորձանքի մեջ կընկնեն խռովված հոգիներով…
Մտածիր ամեն ինչի, բայց երբեք կյանքի իմաստի մասին,
բոլոր եղանակներին և հատկապես աշնանը,
երբ ինչ ուզում ես մտածիր, միևնույն է,
ձմեռ է գալիս բոլոր հարցերին ի պատասխան,
փակիր բոլոր դռներն ու պատուհանները,
բայց ցուրտն արդեն տանն է և կարոտով սպասում է քեզ,
բայց ձյունն արդեն տանն է և քիչ-քիչ ծածկում է քեզ,
ճերմակ վարագույր, որ իջնում դանդաղ
ու փակում է քեզ,
և դու կավարտվես առանց ծափահարությունների`
գորշ ու միապաղաղ ներկայացման պես…