ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԳԵՐ

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

 

I

Լուսամուտի գոգին դրված են երկու կապույտ աչքեր:

Դրանք ինձ նվիրել է գնչուհին:

Նա ինձ խաբեց

և խաբելով ասաց,

որ դրանք երջանկության թալիսմաններ են:

Լուսամուտի գոգին դրված են

երկու կապույտ աչքեր:

Ես ամեն գիշեր քնելուց առաջ

երկար աղոթում եմ

նրանց առաջ ծունկի իջած:

Գնչուհի,

մի կույր աղջիկ կա աշխարհում,

նա թափառում է և ոչինչ չի տեսնում,

ասա նրան,

որ գա վերցնի այդ աչքերը,

և ասա նրան,

որ նա թաքուն գա և ոտքերի մատների վրա,

որովհետև

ես ախր շատ եմ հոգնած:

Պետք չի,

պետք չի

ինձ արթնացնել:

 

II

Փողոցներով

անցնում են

կույր աղջիկներ:

Նրանք գավազան ունեն ձեռքերում

և քայլում են քսվելով պատերին:

– Եթե դու ինձ սիրեիր

ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:

Փողոցներում

առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,

նրանք գլուխները կախել են,

իսկ կույր աղջիկները քայլում են

և չեն տեսնում նրանց:

– Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,

և դու կտեսնեիր ինձ:

Փողոցներում

կամաց-կամաց իջնում են վարագույրները,

և կամաց-կամաց փակվում է բեմը,

և գլուխ տալով կամաց-կամաց հեռանում են

կույր աղջիկները,

և բանաստեղծներն են հեռանում,

և վարագույրը վերջնականապես իջնում է:

Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.

վարագույրից այն կողմ

բոլորովին ուրիշ աշուն է:

[sharify]