ՁՄԵՌԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐ

Պոեզիա > ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

 

1

Ծառերը`

ոտից-գլուխ ճերմակ վիրակապերի մեջ,

իսկ օդը սառն է,

ինչպես հայացքը հյուրանոցի ադմինիստրատորի,

որն օրորում է գլուխը

և մի բառ է ասում` չկա:

Եվ նորից ձյուն է գալիս

ծառերի վրա

և ձյունը քիչ-քիչ ծածկում է նաև քեզ,

որ ճամպրուկը ձեռքիդ

մոլորված կանգնել ես օտար քաղաքի փողոցի մեջտեղում

և մտածում ես – կա՞ ավելի դժբախտ մարդ,

քան նա, ով ձյան տակ ճամպրուկը ձեռքին

մոլորված կանգնել է օտար քաղաքի

փողոցի մեջտեղում,

և հետո օրորում ես գլուխդ

և մի բառ ես ասում` չկա:

 

2

Ձմեռն անծանոթ քաղաքում ավելի է ձմեռ

և մենությունը գորշ է ավելի,

և նույնիսկ ճնճղուկները,

որ սառած արցունքների նման

կախվել են ծառերի թարթիչներից`

առավել դժբախտ են,

եթե նրանց նայում է օտարականը

երկհարկանի հյուրանոցի պատուհանից…

…Նայում է երկար ու մտածում –

զարմանալի է,

այսքան տարի ապրեցի

և հիմա ոչինչ չեմ կարողանում հիշել,

որ գոնե

մատներիս ծայրերը տաքանան…

 

3          

Երևի սա հենց այն ձյունն է,

որի մասին ասում են,

թե իջնում է

և երջանկություն է բերում իր հետ:

Երևի սա հենց այն ժամն է,

երբ մարդիկ հանդիպում են իրար

և խոսում են կարևոր բաներից:

Երևի սա հենց այն աղջիկն է,

որին պիտի հանդիպեի

առաջին ձյան փաթիլների տակ

ու պիտի խոսեինք կարևոր բաներից:

Եվ երևի սա հենց այն երազանքն է,

որն ամենավերջինն է

երևի:

 

4

Բուխարու մեջ ճարճատում են

վառվող փայտերը,

իսկ դու փակել ես աչքերդ

և բազկաթոռի մեջ սուզված

սպասում ես,

որ հիմա ինչ-որ մեկը կթակի դուռը,

և դու արագ ոտքի կցատկես

և դու արագ կբացես դուռը

և դու կասես նրան՝ սիրելիս…

Եվ դու դանդաղ բացում ես աչքերդ –

բուխարու մեջ կրակը վաղուց հանգել է,

և դու մի կերպ ուղղում ես մեջքդ,

և դու ցրտից լրիվ փայտացել ես՝

սիրելիս…

 

5  

Դարձյալ նույն գույնը,

դարձյալ նույն բառը-

ետ տար վարագույրը`

դարձյալ նույն ձյունը:

Անվերջ նույն ձյունը,

անվերջ նույն բառը,

անվերջ նույն գույնը…

Եվ տես՝ մի բառով,

և տես մի գույնով

բնությունն ինչքան թեթև, հեշտ կերտեց

քո հազարաբառ

ու անպատմելի

այս մենությունը…

 

6

Պատուհանիս տակ ծիծաղ,

զվարթ ճիչեր ու կանչ`

թավալ են գալիս ձյան մեջ

երկու փոքրիկ տղա,

ելնում ու ընկնում են նորից,

թռչկոտում,խաղում են, խնդում…

Իսկ դու կանգնել ես պատուհանի դեմ

և կլանված նայում ես նրանց,

վերացած… ու չես էլ նկատել,

թե ինչպես պարզել ես սառած ձեռքերդ

և տաքացնում ես սառած ձեռքերդ

նրանց ուրախ ծիծաղի,

ճիչ ու կանչերի խարույկի վրա…

 

7

Ձմեռային մթնող փողոցով

կուչ եկած վազելով անցավ

թեթև հագնված

մի շուն:

Վերարկուիդ մեջ ակամա կծկվեցին ուսերդ

և ձեռքերդ ավելի խոր

խրվեցին գրպաններդ

ու կանգնեցիր մոլորված`

գիշերով, այս ցրտին

ո՞ւր էր վազում խեղճ շունը

և ո՞ւր եմ գնում

այս ցուրտ գիշերով

ես հիմա…

[sharify]