ՁՄՌԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՀԵՌԱՎՈՐ ԾԱԼՔԻ ՄԵՋ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Ձմռան հիշողության ինչ-որ մի հեռավոր ծալքի մեջ

տրամվայի ցուրտ զրնգոցն արթնացավ:

Հիմա ոչ ոք չի հարցնում,

թե ո՞վ էր քնում պուրակում

օրվա բոլոր ժամերին

և թե ո՞ւմ կիսացնորված կինն էր,

որ անվերջ խնդրում էր

հանգցնել ցերեկվա լույսերը,

որովհետև իր ամուսինը

չի սիրում քնել լույսերը վառ սենյակում,

մանավանդ, եթե մի քիչ խմած է,

և հետո լռում է միանգամից,

թեև այդ պահին ճակատագրական սխալներ էր որոնում

հեռու գնացող մտքերի մեջ:

Ինչ գեղեցիկ է մեռնում ձմեռն այս ժամին:

Տրամվայի ցուրտ զրնգոցն իմ դեմ բացում է դանդաղորեն

լույսերով ու ջերմությամբ ողողված

տների հմայքը անկրկնելի

և բոլոր դռների առաջ,

գլուխը կախ, մեղավոր ժպիտը դեմքին

կանգնած է մեր բոլորի մեռած ընկերը,

որի անունն արթնացավ

ձմռան հիշողության

ինչ-որ մի հեռավոր ծալքի մեջ

տրամվայի անակնկալ զրնգոցից:

[sharify]